Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազը չբացառեց, որ «աhաբեկչnւթյան» գործով էլի միջնորդագրեր կներկայացնի ԱԺ
«Էլի անձինք կան, որոնց առումով ստուգողական, քննչական գործողություններ են կատարվում»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին։
Իշխող ուժի ներկայացուցիչը մասնավորապես ասաց ու հարցրեց. «Ձայնագրությունների խոսակցություններում տարբեր մարդիկ են գնում, գալիս, խոսում, օրինակ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ Գառնիկ Դանիելյանն էլ ասում է, որ ինքն է վճարում Վազգեն Գալստանյանի կենցավայրի վարձի փողը։
Այսինքն մի վայրի վարձի փող, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում, տալիս է պատգամավորը։ Ի՞նչ է անում դատախազությունն այս հանգամանքների բերումով։ Ես ինձ անվտանգ չեմ զգում՝ Ազգային ժողովի դահլիճում տեսնելով մարդկանց, որոնք այս խոսակցության մասնակից են եղել»։
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր։
Աննա Վարդապետյանը, ի պատասխան Արթուր Հովհաննիսյանի հարցի, շարունակեց. «Այդ հարցը մինչև քննարկումը, ընթացքում, հանրային տիրույթում անընդհատ է հնչում, բայց որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի Ազգային ժողովին, որովհետև մեզ անհրաժեշտ է հիմնավոր կասկածից վեր չափանիշով ԱԺ համար հիմնավորել և հնարավորություն տալ որոշում կայացնել։ Դրա համար մենք ըստ փուլերի, ում մասով արդեն վստահություն ունենք, որ հաղթահարել ենք շեմը, ներկայացնում ենք Ազգային ժողովի։ Արթուր Սարգսյանի մասնակցությունը շատ ակտիվ է ներգրաված, մի քանի օրերի ընթացքում հնարավոր է եղել բավարար ապացույցների ծավալ կուտակել, որպեսզի գալ Ազգային ժողով»։
Նա նշեց, որ Գառնիկ Դանիելյանի մասով դեռևս դատախազությունում պատրաստված միջնորդագիր չկա, բայց եթե վարույթի շրջանակներում պարզվի որևէ անձի մասնակցություն նման տեսակի գործողությանը, դատախազությունն օր առաջ գալու է ԱԺ։
«Քննությունն ինտենսիվ առաջ է գնում, մեծ քննչական խումբ է աշխատում, չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կունենանք»,- ասաց Ա. Վարդապետյանը։