Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲԴԽ-ն բավարարվեց արքեպիսկոպոսներին կալանավորած դատավորին նկատողություն հայտարարելով
ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին։ Ըստ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին։ Ավելին՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել։
Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը կայացավ երեկ, որոշումը հրապարակվեց քիչ առաջ։ Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Փաստաբան Արսեն Բաբայանը նիստի վերաբերյալ գրել է.
«Նայեցի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ԲԴԽ քննությանը:
Իմ համոզմունքը շարունակում է մնալ այն, որ դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ եւ այն դարձնել քննության առարկա: Սա առավել վտանգավոր է դառնում նաեւ այն պատճառով, որ դատավորը ստիպված է լինում թեկուզ ԲԴԽ-ում «զեկուցել» եւ արդարանալ իր կողմից դեռեւս չավարտված գործով կատարված դատավարական գործողությունների առնչությամբ: Այս համոզմունքս մնում է նույնը ցանկացած դատավորի դեպքում: Նույնիսկ Մասիս Մելքոնյանի դեպքում, հաշվի առնելով բոլոր հայտնի խնդիրները»։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը եղել է Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նա բոլորովին վերջերս կալանքի որոշումներ կայացրեց Միքայել Սրբազանի ու բագրատ Սրբազանի վերաբերյալ։ Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։