Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովա. ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը համարում է ոչ բարեկամական քայլ
Ռուսաստանն իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ռուսաստանի քաղաքացու Հայաստան մուտքի արգելքի ևս մեկ դեպքի։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին։ Մենք սա քննարկում ենք ոչ միայն փակ դռների ետևում, այլև հրապարակայնորեն։ Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան։
Հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարների կողմից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, ուստի մենք սպասում ենք Երևանի արձագանքին», - ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք՝ հուլիսի 5-ին հայտնի դարձավ, որ Կովկասի հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Չնայած նա ՌԴ քաղաքացի է, սակայն 16 տարի ապրում, աշխատում ու դասախոսում է Հայաստանում։ Պյատիգորսկում նա մասնակցել է «Կովկասյան երկխոսությանը» և խոսել է Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին։ Վերադարձին ԱԱԾ աշխատակիցները նրան հայտնել են, որ իր մուտքը երկիր արգելված է։