Մանդատները դնելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
15:02 09/07/2025
Հայաստան

Մանդատները դնելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով. Տիգրան Աբրահամյան

«Փաշինյանական արդարադատությունը վստահություն չի առաջացնում հայաստանյան հասարակության շրջանում և ստեղծված իրավիճակում որևէ ակնկալիք չկա»,-Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի մասնաճյուղի դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանքի տանելու քննիչի միջնորդությունը։

Աբրահամյանն ասաց, որ իշխանությունների գործողությունները որևէ կերպ իրավական հարթությունում չեն, դրանք ամբողջությամբ գծվում, մշակվում և իջեցվում են ՀՀ կառավարության շենքից։

«Քաղաքական հիմք ունեցող այս որոշումներում էլ, բնականաբար, որևէ իրավական հանգուցալուծում չենք էլ կարող ակնկալել»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի դեպքում եղել է քաղաքական որոշում, որն արտահայտվել է իշխող ուժի ներկայացուցիչների քաղաքական ստատուսներով, ելույթներով և նույնիսկ քաղաքական ուժի կողմից արդեն Արթուր Սարգսյանի դատավճիռներն էլ կան։

Աբրահամյանն ասաց, թե վերջին մի քանի ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ձերբակալվածների հանցակից են համարվում լրատվամիջոցները, նաև տեղի ունեցածն ակտիվ լուսաբանող քաղաքացիները։

«Ասում են, որ եթե տեղի է ունեցել հանցագործություն և դուք գնացել, լուսաբանել եք, հետևաբար դուք էլ եք մասնակից եղել, որովհետև տեղեկատվական ապահովումը դուք եք իրականացրել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով, որ իշխանությունների համար եթե կա թիրախ ապա ՔՕ հոդվածը կգտնվեն։

Նա հորդորեց, որ ԶԼՄ-ները շարունակեն աշխատել ի շահ մեր հասարակության և դատապարտում է բոլոր գործողությունները, որոնք խոչընդոտում են լրագրողների աշխատանքները։

Անդրադառնալով հնչող հայտարարություններին, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է մանդատները դնի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց. «Մանդատները դնելու անհրաժեշտություն չենք տեսնում՝ անվստահության գործընթացն ակտուալ համարելով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder