Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
CivilNetCheck-ը նախանձելի հետևողականությամբ ստուգում է հայաստանյան ԶԼՄ-ներում Թուրքիային վերաբերող հրապարակումները։ Օրեր առաջ նա հայաստանյան մի քանի լրատվամիջոցների մեղադրեց չստուգված տեղեկությունների հրապարակման համար։
«Հայկական լրատվամիջոցներում հուլիսի 3-ից մեծ տարածում է ստացել մի տեղեկություն, թե Թուրքիայի Կարս նահանգում գտնվող պատմական Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Լուրի սկզբնաղբյուրը Ermenihaber.am կայքն էր, որը հղում էր արել թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությանը։ Սակայն Anadolu-ի հոդվածում որևէ նշում չկա, թե տաճարը կրկին կգործի որպես մզկիթ։ Նյութում հստակ ասվում է, որ շինությունը վերանորոգումից հետո «կբացվի այցելուների համար»։ Նույն ձևակերպումն է օգտագործվել նաև թուրքական այլ հայտնի՝ Daily Sabah և Turkiye Today լրատվական կայքերում»,-մասնավորապես գրել է Civilnet-ը։
Այս հրապարակումից երկու օր անց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս»-ը գրեց, որ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության՝ (DEM) ասորի պատգամավոր Ջորջ Արսլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Նա հետաքրքրվել է՝ արդյոք Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո այցելուների առաջ բացվելու է որպես մզկիթ։
Ասինքն, Անիի տաճարի մզկիթ դառնալու խոսակցություններ ու հստակ, պաշտոնական տեղեկատվության պակաս կա նաև Թուրքիայում։
Այսօր Civilnet-ին արձագանքել է նաև նյութը Anadolu-ից թարգմանած «Էրմենիհաբեր»-ը։ «Սիվիլնեթը սխալվում է» վերնագրով հոդվածում «Էրմենիհաբեր»-ը մասնավորապես նշում է.
«Եթե Թուրքիայի պետական թիվ 1 լրատվամիջոցն Անիի հնավայրի պեղումների ղեկավարի միջոցով հայտնում է, որ վերանորոգումից հետո մզկիթը վերաբացվելու է այցելուների առաջ, դա ոչ թե պնդում է, այլ՝ իրողություն։ Առնվազն սկզբնաղբյուր տեքստի շրջանակներում։
Թե չէ «պնդում» բառի թուրքերեն համարժեքը «iddia» բառն է, որի կիրառման պրակտիկ փորձը թուրքական մամուլը վաղուց ունի։ Եվ եթե դա լիներ պնդում, Anadolu-ն վստահաբար հենց ինքը կգրեր այդպես։ Չէր սպասի, որ իր փոխարեն դա աներ CivilNetChek-ը։
CivilNet-ը բառացի գրել է հետևյալը. «Anadolu-ի հոդվածում որևէ նշում չկա, թե տաճարը կրկին կգործի որպես մզկիթ։ Նյութում հստակ ասվում է, որ շինությունը վերանորոգումից հետո «կբացվի այցելուների համար»։
Ոչ միայն բառացի, այլ նաև տառացի 2 անգամ Anadolu-ն նշել է, որ վերանորոգման աշխատանքներից հետո կվերաբացվի մզկիթը (cami)։ Կրկնում ենք՝ 2 անգամ։
Այդուհանդերձ եթե, ըստ CivilNet-ի, կան մոլորեցնող տարրեր առկա ձևակերպումների մեջ, ապա քննադատության սլաքը պիտի ուղղվեր սկզբնաղբյուր տեքստի հեղինակ Anadolu-ին։ Ermenihaber-ն ընդամենը փոխանցել էր Anadolu-ի հայտնած տեղեկությունը»։