Եվրոպական երկրներում նկատվում է մոծակներով փոխանցվող վարակների աննախադեպ ակտիվացում
Առողջություն
13:53 09/07/2025
Հայաստան

Եվրոպական երկրներում նկատվում է մոծակներով փոխանցվող վարակների աննախադեպ ակտիվացում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը (ECDC) ահազանգում է մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների ակտիվացման մասին: Եվրոպական երկրներում տարածված են հիմնականում մոծակների 3 տեսակ՝ Aedes albopictus-ը, որը փոխանցում է Դենգե, Չիկունգունիա և Զիկա տենդի վիրուսները, Aedes egypti-ն, որը նաև Դեղին տենդի վիրուսի փոխանցողն է և Culex pipiens-ը՝ արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի հիմնական փոխանցողը: Այս տեսակները տարածված են գրեթե ամբողջ Եվրոպայում:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, ներկայում Aedes albopictus–ը հանդիպում է 16 երկրներում և 369 տարածաշրջաններում՝ համեմատած մոտ 10 տարի առաջվա 114 շրջանների հետ, այսինքն` 3 անգամ գերազանցում է նախկին տարածվածության շրջանակը: Aedes aegypti-ն, որն ավելի վաղ վերացվել էր Եվրոպայից, կրկին վերաակտիվացել է և հանդիպում է Կիպրոսում։ Միևնույն ժամանակ, Culex pipiens-ը շարունակում է նպաստել արևմտյան Նեղոսի վիրուսի լայնածավալ տարածմանը՝ հատկապես ամռան և վաղ աշնան ամիսներին:

Ըստ հրապարակված տվյալների՝ անցյալ տարի Եվրոպայում գրանցվել է տեղական Դենգե տենդի 304 դեպք, ինչը նախորդ տարիների համեմատ աճի միտում ունի (2023թ.-ին՝ 130 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 71 դեպք)։ Ինչպես երևում է տվյալներից՝ Եվրոպայում Դենգե տենդի դեպքերի թիվը 2023թ.-ից ի վեր ավելի քան կրկնապատկվել է: Գրանցվել է արևմտյան Նեղոսի տենդի 1436 դեպք, ընդ որում, վարակներն ընդգրկել են 19 երկրների 212 շրջաններ։ Դեպքերի այս թվերը ընդգծում են մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճող աշխարհագրական տարածքների ընդլայնումը և դրանց ազդեցությունը Եվրոպայում հանրային առողջության վրա:

«Հարկ է նշել, որ 2025թ.-ին Ֆրանսիայում գրանցվել է Չիկունգունիայի տեղական վարակի վեց բռնկում: Ընդ որում, դեպքերը արձանագրվել են մայիսի վերջին կամ հունիսին, ինչը փաստում է մոծակների փոխանցման սեզոնի շատ վաղ սկիզբը: Նախորդ տարիներին նման դեպքեր հաղորդվել են հուլիս կամ օգոստոս ամիսներին: Այսինքն՝ շրջակա միջավայրի բնակլիմայական փոփոխությունները ավելի երկար ժամանակահատվածներ և բարենպաստ պայմաններ են ստեղծում վարակի փոխանցման համար:

Այսպիսով, ակնհայտ է, որ այս արյունային վարակներն այլևս «Արևադարձային հիվանդություներ» չեն: Դրանք արդեն հանդիպում են տարբեր երկրներում և ընդլայնվում են՝ ստեղծելով նոր մատահրավեր հանրային առողջապահության ոլորտում, ինչը կարելի է ընդունել որպես նախապես գործելու կոչ :

Ուստի, ECDC-ն անհանգստանալով ստեղծված իրավիճակից՝ իրագործում է համաճարակաբանական հսկողության նոր շաբաթական մշտադիտարկման համակարգ՝ օգնելու հանրային առողջապահության մարմիններին ժամանակին հետևել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություններին: Սա հնարավորություն կտա եվրոպական երկրներում Չիկունգունիա, Դենգե, Զիկա, արևմտյան Նեղոսի տենդ վարակների համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ համընդհանուր պատկերացում ունենալ: Բացի այդ, կնպաստի բարձրացնելու հանրային առողջության արագ արձագանքման արդյունավետությունը և ամրապնդելու երկրների միջև համակարգումը՝ օգտագործելով ճիշտ գործիքներ: Բացի այդ, այս հսկողության տվյալները կարող են օգտագործվել ինչպես մոծակների դեմ պայքարի ազգային, այնպես էլ տարածաշրջանային ռազմավարությունների համար, քանզի Եվրոպայում կլիմայի փոփոխության պատճառով մոծակների փոխանցման սեզոնը դառնում է ավելի երկար և ինտենսիվ:

Հարկ է նշել, որ մոծակների միջոցով փոխանցվող վարակների ռիսկը նվազեցնելու համար կարևոր են նաև անհատական միջոցառումները, որոնք խորհուրդ է տրվում հատկապես ճանապարհորդներին: Վերջինս ներառում է մոծակների վանող միջոցների կիրառումը, փակ հագուստ կրելը՝ հատկապես լուսադեմին և մթնշաղին, երբ մոծակներն ակտիվանում են: Առաջարկվում է նաև քնել ցանցերի տակ, կամ ցանցապատված պատուհաններով, կամ օդորակիչներով սենյակներում: Էնդեմիկ երկրներից վերադարձող ճանապարհորդներին խորհուրդ է տրվում առնվազն երեք շաբաթ հետևեն առողջական վիճակին: Ախտանշանների առկայության դեպքում անմիջապես դիմեն բժկի՝ այս վարակների տարածումը կանխելու նպատակով:

Բնապահպանական և սոցիալական գործողությունները նույնպես անհրաժեշտ են մոծակների բազմացումը նվազեցնելու և բռնկումները կանխելու համար: Այս առումով առաջարկվում է խուսափել ջրի կուտակումների առաջացումից, հեռացնել տարաներից լճացած ջուրը, ինչպիսիք են ծաղկամանները, դույլերը և խցանված արտահոսքերը: Քանի որ մոծակները ձվադրում են կանգնած ջրերում, որոշ դեպքերում կարելի է օգտագործել թրթուրասպան նյութեր (լարվիցիդներ) ավելի մեծ ջրային տարածքներում, ջրավազաններում, իսկ ակտիվ բռնկումների ժամանակ՝ մոծակների դեմ միջոցներ: Այս համալիր միջոցառումների կիրառումը կարող են նվազեցնել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածումը»,- նշում են «Հերացի» կենտրոնից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպական երկրներում նկատվում է մոծակներով փոխանցվող վարակների աննախադեպ ակտիվացում