Բուսաբանական այգում խայտառակ վիճակ է, պարզվել է՝ կադաստրի թուղթ էլ չունի. Բնապահպան
Հասարակություն
12:09 16/07/2025
Հայաստան

Բուսաբանական այգում խայտառակ վիճակ է, պարզվել է՝ կադաստրի թուղթ էլ չունի. Բնապահպան

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում խայտառակ վիճակ է։ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Սա ոչ գիտակից, ոչ մասնագիտական վերաբերմունքի արդյունք է. համոզված եմ՝ կառավարությունը ճնշում է գործադրում այգու տնօրինության վրա։ Քաղաքապետարանը, քաղաքաշինության կոմիտեն տվել են բազմաթիվ շինթույլտվություններ, հարակից տարածքում գտնվող նորակառույց շենքերը եկել, մտել են Բուսաբանական այգու տարածք։ Այգու ողջ սահմանային տարածքով շինարարություն է գնում։ Ծառերը կլանում են այդ շինարարական փոշին։ Իսկ Բուսաբանական այգին Երևանի թոքերն են», - ասաց Ս.Ադամյանը։

Նա նաև նշեց, որ այգու տարածքում կառուցվում է հայրենիքի համար կյանքը զոհաբերածների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»։ Այն Բուսաբանական այգում կզբաղեցնի 30 հեկտար, այգու ամենաբարձր կետում վեր կխոյանա 12 մետրանոց հուշակոթողը:

«Կարելի էր հերոսների հիշատակին նվիրված պուրակը կառուցել այլ վայրում։ Այժմ այդ հատվածն անապատ է դարձել։ Երկաթե սյուներ են դրել, իբր թե լույսեր պետք է լինեն, բետոնից ճանապարհներ են կառուցել։ Խայտառակ վիճակ է»,- ասաց Ադամյանը։

Նա նաև զարմանքով նշեց, որ Բուսաբանական այգում նոր են անցկացնում ոռոգման համակարգ։

«Հանդիպումներից մեկի ժամանակ ասվել է, որ Բուսաբանական այգին կադաստրի թուղթ չունի։ Պատը դրված է, բայց ասում են կադաստրի թուղթ չունեն»,- ասաց Ս.Ադամյանը։

Բնապահպանն ընդգծեց, որ պետք է գիտակցել՝ Բուսաբանական այգին հիմնարկ է, որտեղ հետազոտություններ են արվում կապված բույսերի հետ, պահվում են հազվագյուտ, կարմիր գրքային բույսեր։  Ըստ նրա, գիտահետազոտական հիմնարկների տնօրենները պարտադիր չէ, որ լինեն գիտնականներ, նրանք պետք է լինեն ուժեղ մարդիկ։

«Հատուկ բերում, թույլ մարդկանց են նշանակում ու դրա հետևանքն էլ այն է, ինչ տեսնում ենք»,- ասաց Սիլվա Ադամյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բուսաբանական այգում խայտառակ վիճակ է, պարզվել է՝ կադաստրի թուղթ էլ չունի. Բնապահպան