Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ ժամանեց իր թիմակիցների հետ
Քաղաքական
11:35 21/07/2025
Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ ժամանեց իր թիմակիցների հետ

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝  ՀԷՑ  ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին անգամ ժամանեց ընկերության գլխավոր գրասենյակ։ Նրա հետ մի քանի մարդ է եկել։ Լրագրողների հարցին՝ այդ մարդիկ իր անվտանգությո՞ւնն  են ապահովում, նա ասաց. «Ես անվտանգություն չունեմ։ Իրենք իմ թիմակիցներն են, ովքեր պետք է  ինձ ուղեկցեն այս գործընթացի ընթացքում։ Տարբեր մասնագետներ են»։

Նա հայտարարեց, որ իր լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում  ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «էներգետիկայի մասին» օրենքով և այլն, և որպես  ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորությունները իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում հանուն ՀՀ և նրա քաղաքացու։

«Այսօր՝ իմ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է  արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ։ ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ՝ որոշումն ուժի մեջ է մտել  ծանուցման պահից, սակայն իմ լիազորություններն լիարժեք իրացնելու համար ինձ անհրաժեշտ էր  այդ որոշումից բխող լիազորություններս գրանցել նաև պետական  ռեգիստրի գործակալությունում, ինչն առավոտ տեղի է  ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքից ներկայացել եմ ՀԷՑ՝  փաստացի ստանձնելու իմ լիազորությունները»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այ գործընթացը որևէ կերպ չքաղաքականացել, դա քննադատության չի դիմանում։ 

Ռոմանոս Պետրոսյանը մտավ ՀԷՑ ընկերության գլխամասային շենք, խնդրեց լրագրողներին ներս չմտնեն. «Ես մտնում են հանուն Հայաստանի Հանրապետության իմ կարգավիճակից բխող լիազորություններով»։ 


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder