Արմեն Մինասյան. Փաշինյանի՝ արտապատվիրակման մասին համեմատությունները մեծագույն տխմարություն են
Քաղաքական
13:32 21/07/2025
Հայաստան

Արմեն Մինասյան. Փաշինյանի՝ արտապատվիրակման մասին համեմատությունները մեծագույն տխմարություն են

«Նախ հրաշք չկա, և եթե լինի, դա հավանաբար միայն Դոնալդ Թրամփի համար կլինի»,-Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադռնալով ԱՄՆ նախագահի անցած շաբաթվա վերջին հնչեցրած հայտարարությանը։

Հիշեցնենք, սենատորիների հետ հանդիպմանն անցած ուրբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Հարավային Կովկասում հրաշք են գործել, Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության փաստաթղթի ստորագրմանը։

«Դոնալդ Թրամփը շատ ցանկանում է ունենալ խաղաղության քեյս, իր մանկության երազանքը չի էլ թաքցնում խաղաղության Նոբելյան մրցանակ  ստանալու վերաբերյալ, նույնիսկ նեղանում է, որ մինչև հիմա իրեն նման մրցանակ չեն տվել։ Այնպես որ հրաշք ինքը միայն Հարավային Կովկասում չի ակնկալում, այլ ամենուր»,-ասաց Ա. Մինասյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմնաը, ապա Մինասյանը նկատեց, որ Թրամփից մեկ օր անցա Ադրբեջանի նախագահը հաստատեց՝ այո, կա գործընթաց, առաջարկն իրենք են արել, խոսքը ոչ թե ստորագրման այլ նախաստորագրման մասին է, սակայն երկու նախապայմանները դեռ օրակարգում են։

«Այդ երկու նախապայմաններից առնվազն մեկը անհնար է 1-2 օրվա ընթացքում լուծել, խոսքը Սահմանադրության փոփոխության մասին է։ Այնպես որ Թրամփը խոսում է արդեն կայացած փաստի մասին, Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ քաղաքական ծրագրերի մասին, Ալիևը բավականին զգուշավոր է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի երկու հատվածներն իրար միացնող ճանապարհի արտապատվիրակմանն ու Փաշինյանի՝  ասուլիսում հնչեցրած համեմատություններին «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղիների, ջրային համակարգի մասով, քաղաքագետը մեծագույն տխմարություն է որակում։

«Երբ առցանց հարթակներից առևոտուր եք անում, ապրանքը գալիս է «Զվարթնոց», դուք բոլոր դեպքերում առնչվում եք Հայաստանի մաքսային մարմինների, հարկ եղած դեպքում նաև այլ մարմինների հետ։ Տվյալ դեպքում արտապատվիրակումը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը որևէ հսկողություն չի ունենալու այդ ճանապարհի վրա։ Այսինքն, ցանկացած բեռ, մարդ անարգել հատելու է  Հայաստանի սահմանն ու դուրս է գալու Հայաստանից, և աստված գիտի, թե ինչ է թողնելու Հայաստանում կամ ինչ է Հայաստանից հետը տանելու։ Այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Հայաստանի ինքնիշխանությունը կոնկրետ այդ ճանապարհի վրա չի տարածվելու։ Հետևաբար այդ օրինակները համեմատելի չեն, ընդամենը մանիպուլացնում են, բայց բոլորի համար պարզ է, բառերի հետևումկ թաքնված է շատ կոնկրետ իրավիճակ, Հայաստանը կորցնելու է վերահսկողությունն իր տարածքի նկատմամբ»,-ասաց Արմեն Մինասյանը։

Ինչ վերաբերում է վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ բազմիցս  հնչեցրած պնդմանը, թե  ճանապարհի արտապատվիրակումը լինելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակում, բխելու է Հայաստանի պետական շահերից, Մինասյանն արձագանքեց.

«Ինքնիշխանությունն ասելով չի, հայտարարությունով չի, ինքիշխանությունը կոնկրետ գործողություններ իրականացնելու իրավազորությունն է։ Ենթադրենք, Զանգելանից թմրանյութով բեռնված մեքենան հատում է սահմանը, Մեղրիով գալիս է Նախիջևան։  Մեղրիում հայ  իրավապահները իրավազո՞ր են որևէ  գործողություն անել այդ մեքենայի հետ, թե՞ ոչ։ Պարզ հարց է։ Այնտեղ պետք է հստակ գրված լինի, ի՞նչ են իրավազոր, ինչ իրավազոր չեն։ Իլհամ Ալիևն ասում է՝ չպետք է շփում լինի հայ մաքսավորների, սահմանապահների հետ։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա ինքնիշխանություն է։ Յուրահատուկ պատկերացում է ինքնիշխանության մասին։ Այն, ինչի մասին խոսում են ամերիկյան և ադրբեջանական կողմերը, Փաշինյանի հայտարարության հետ չի համապատասխանում»,-ասաց քաղաքագետը։

Հարզացրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմեն Մինասյան. Փաշինյանի՝ արտապատվիրակման մասին համեմատությունները մեծագույն տխմարություն են