Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ ու այս որոշմամբ ասում է՝ մի արեք, հետագայում պրոբլեմներն ավելի մեծ են լինելու պետության համար. Արփինե Հովհաննիսյան
«Որոշումն իրականություն է և պարտադիր կատարման ենթակա է Հայաստանի կողմից»,- ասել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճիռը ՀԷՑ-ի պետականացման գործով։
Նա նշել է, որ, ըստ էության, արբիտրաժային դատարանը ՀՀ իշխանություններին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Էներգետիկայի և Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքներում վերջերս կատարված փոփոխություններից։
«Ինչո՞ւ է կարևոր հրատապ արբիտրաժային որոշումը։ Հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ, որոնք հարկ է չեզոքացնել, որոնց չեզոքացման ուղղված է այս որոշումը՝ ասելով մի արեք, ձեռնպահ մնացեք, հետագայում պրոբլեմներն ավելի մեծ են լինելու պետության համար», -ասել է նախկին նախարարը։
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ վերջերս ներկայացված օրենսդրական փոփոխութունները նախատեսում են մի շարք գործողություններ, որոնք բաժանել է փուլերի. «Առաջինն արդեն տեղի է ունեցել, նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ: Ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էներգետիկայի մասին և Հանրային ծառայությունները կարգավորվող մարմնի մասին օրենքներում կատարված փոփոխություններում տեղի է ունեցել աննախադեպ մի բան. կանխարգելիչ միջոցառումները վերապահվել են ոչ թե Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին, այլ հանձնաժողովի նախագահին, ինչը կոպիտ խախտում է և հակասահմանադրական է, հետագայում չի կարող չարձանագրվել միջազգային ատյանի որոշումներում։ Հանձնաժողովի նախագահը նույնիսկ չի էլ պատճառաբանել, թե ինչու է նշանակել կառավարիչ, այլ ոչ թե խնդիրների վերացման ուղղությամբ ծրագիր հաստատել։
Երկրորդ փուլը վերաբերում է լիցենզիայի դադարեցմանը, որը, հավանաբար, կհետևի «իրավապահ մարմինների աշխատակիցների հայտնաբերած խախտումներին։ Կա միջազգային փորձ, ըստ որի լիցենզիայի դադարեցումը դիտարկվում է սեփականազրկում»։
Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու ամսով կալանավորված գործարար, բարերար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
Իսկ ՀՀ կառավարությունից մեկնաբանելով Սամվել Կարապետյանի հաղթանակը՝ նշել էին. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։