Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Անհասկանալին այն է, թե ինչու է հանրությունը շարունակում «պահել» նման իշխանություն
«Փաստ» թերթը գրում է.
«2018 թվականից այս կողմ «քաղբանտարկյալ» եզրույթը դարձել է գրեթե ամենօրյա քննարկման թեմա, լրահոսային շրջանառման առարկա: Այն օրից, ինչ Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, Հայաստանում ծայր առան քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական բանտարկությունները: Ամենից վատն այն է, որ փաշինյանական իշխանավարման 7 տարվա ընթացքում այդ հոռի երևույթը տարեցտարի ավելի է արմատավորվել, մետաստազները տարածվել են, դրսևորումները դարձել են շատ ավելի ցինիկ, ակնառու և ընդգրկուն:
Երբ խոսում ենք փաշինյանական ռեժիմի քաղաքական բանտարկյալների մասին, ապա ամենից ակներև օրինակները երևակվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակներով: Ամենից ողբերգականը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքն էր. մարդն իր հարցազրույցում արած արտահայտության, պարզ ասած՝ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվելու համար կալանավորվեց և մահացավ հենց դատարանի դահլիճում:
Կարելի է հիշատակել նաև զանգվածային քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, երբ իշխանություններն իրենց ռեպրեսիվ մարմինների միջոցով մարդկանց հետապնդում էին, ձերբակալում, «բերման ենթարկում», խուզարկությունների ու ճնշումների, տույժ-տուգանքների ենթարկում բացառապես այն պատճառով, որ մասնակցել են ընդդիմադիր կամ հակաիշխանական օրինական ակցիայի (ցույցի, երթի, պիկետի և այլն):
Պետք է արժանին հատուցել Փաշինյանին ու ՔՊ-ին. նրանք իրոք կարողացել են իրավապահ համակարգը դնել իրենց կրնկի տակ, դարձնել իրենց քաղաքական շահերի կույր սպասարկուն: Հիմա, թե դա ինչպե՞ս են արել, հարցի մի կողմն է: Էականը փաստացի հետևանքն է: Եվ միայն իրավապահ ու քննչական կոչվող մարմինները չեն այդ «քաղսպասարկման» վիճակում:
Ոչ պակաս վտանգավոր ու ավերակիչ է այն, որ արդարադատության համակարգը, դատական իշխանությունն է արդեն մեծամասամբ դրված Փաշինյանի կրնկի տակ: Անպատկառությունն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում անելով՝ կալանավորման ուղիղ հրահանգներ է տալիս, իսկ ինչ-ինչ դատավորներ «դակում» են այդ ստատուսները, իսկ գլխավոր դատախազն էլ հանրային հեռուստաընկերության եթերից... գործնականում դատավճիռ է կարդում:
Իսկ քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է, քաղբանտարկյալների շարքերը խտանում են: Քավ լիցի, միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում Փաշինյանի հրահանգով անազատության մեջ են հայտնվել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ՀԱԵ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, տասնյակ ընդդիմադիրներ...
Ու դժվար չէ պատկերացնել, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի կատաղի թափով է Փաշինյանը թքած ունենալու օրենքների ու Սահմանադրության վրա: Դժվար չէ պատկերացնել, թե Փաշինյանն ինչ կատաղի թափով է կալանքը գործածելու որպես քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու գործիք, որպես իր իշխանությունը պահելու գործիք:
Թե ինչու է Փաշինյանը ուզում պահել իր իշխանությունը, պարզ է ու հասկանալի: Անհասկանալին այն է, թե ինչու է հանրությունը շարունակում «պահել» նման իշխանություն: Գուցե նրա համար, որ ՀՀ քաղաքացիների, ասենք, 95 տոկոսը «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունենա՞: Թե գուցե այլ՝ ավելի վատ կարգավիճակ...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։