Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ստեփանակերտում ապամոնտաժված հուշարձանը. Ակսենով
Քաղաքական
17:32 01/08/2025
Աշխարհ

Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ստեփանակերտում ապամոնտաժված հուշարձանը. Ակսենով

Ղրիմի իշխանությունները պատրաստ են ընդունել և վերականգնել հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը ապամոնտաժվել  է  Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը:

«Մի քանի խոսք Այվազովսկու հուշարձանի քանդման շատ տգեղ պատմության մասին։ Հուշարձանների դեմ պատերազմը ոչ մեկին դրական լույսի ներքո չի ներկայացնում, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ են օգտագործվում նման գործողությունները արդարացնելու համար։ Եվ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում՝ Ուկրաինայի օրինակը բոլորի աչքի առաջ է։

Սա վտանգավոր ախտանիշ է, առաջին հերթին, հենց իրենց՝ ավերողների համար։ Եվ այս դեպքում խոսքը իսկապես հանճարեղ նկարչի մասին է, ով անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային մշակույթի գանձարանում։

Իվան Կոնստանտինովիչը մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել ավերված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի տեղում։ Ինչպես ռուսական պատմության և մշակույթի հետ կապված այլ հուշարձաններ, որոնք վանդալները թիրախավորել են։ Մի՛ ոչնչացրեք դրանք, ավելի լավ է տվեք մեզ», - գրել է Ակսենովը։

Հիշեցնենք, որ Արցախի Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հուլիսի 30-ին ահազագել էր՝ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ստեփանակերտում ապամոնտաժված հուշարձանը. Ակսենով