«Հեղաշրջման գործով» կալանավորված Աղվան Արշակյանի վիճակը ՔԿՀ-ում վատթարացել է, մինչև հիմա փորձաքննությունը չեն արել. Պաշտպան
Իրավունք
11:40 04/08/2025
Հայաստան

«Հեղաշրջման գործով» կալանավորված Աղվան Արշակյանի վիճակը ՔԿՀ-ում վատթարացել է, մինչև հիմա փորձաքննությունը չեն արել. Պաշտպան

«Սրբազան պայքար» շարժման աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ։ Արդեն մի քանի օր է «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող Ա. Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն ահազանգում է երիտասարդի առողջական վիճակի վատթարացման մասին։

«Մենք դիմել էինք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ին, խնդրել հիվանդանոցային հետազոտություն իրականացնել, փաստացի մերժել են՝ նշելով, որ Աղվան Արշակյանը քրեակատարողական հիմնարկում վերահսկողության ներքո է։ Վստահեցնում եմ՝ որևէ վերահսկողություն չկա։ Իր մոտ կան գլխապտույտներ, ճնշման տատանումներ, ինչը քաղցկեղի հետևանք է, կամ՝ Աստված չանի, կարող է նոր զարգացնող քաղցկեղ լինի։ Մենք չգիտենք, այնտեղ էլ որևէ միջոց չկա պարզելու համար։

Ճնշումը տատանվում է՝ հարցնում են՝ ճնշման դեղ տա՞նք։ Բայց դա ճնշման խնդիր չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ.Հարությունյանը։

Պաշտպանը դիմել էր հսկող դատախազին՝ Աղվան Արշակյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ։ Մերժվել է։

«Մենք  խնդրել էինք փոխել խափանման միջոցը, քանի որ հենց նախաքննություն իրականացնող մարմինն էր  թերացել ու կալանքից անմիջապես հետո անհապաղ չէր նշանակել դատաբժշկական  փորձաքննություն։ Միայն հուլիսի 21-ին է  նշանակվել փորձաքննություն, այն էլ մեր միջնորդությունից հետո, այնինչ առաջին ատյանի դատարանը կալանքի որոշմամբ ցուցում էր տվել նախաքնննություն իրականացնող մարմնին անհապաղ անել փորձաքննություն։

Դատախազին միջնորդել էինք, որպեսզի փոխի խափանման միջոցը՝ հաշի առնելով, որ հենց իրենք պատշաճ հսկողություն չեն իրականացրել  նախաքննություն իրականացնող  մարմնի գործունեության նկատմամբ ու այդ անհապաղության պահանջը խախտվել է իրենց մեղքով»,- ասաց Հարությունյանը

Պաշպանը դիմել է  դատարան՝  փոխելու Ա.Արշակյանի խափանման միջոցը։ Օգոստոսի 5-ին  հրապարակվելու է առաջին ատյանի կողմից կիրառված կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը։

Պաշտպանը վերջին անգամ տեսակցել է Արշակյանին անցած շաբաթ, խոսել հեռախոսով, վիճակը նույնն է։  

«Այնպես չէ, որ մեկ օր լավ է, մեկ օր վատ է, ստաբիլ վատ է»,- ասաց Վ.Հարությունյանը։  

Հարցին՝ արդյո՞ք Ա.Արշակյանի հիվանդությունը կառավարությունը կողմից հաստատված հիվանդությունների ցանկում չէ, որոնց դեպքում  մարդիկ պիտի ազատվեն, Վ.Հարությունյանն ասաց. «Դրա համար փորձաքննություն պետք է արվի՝ որոշելու համատեղելիությունը, փորձաքննությունը մինչև հիմա չեն արել, բայց կալանքի կեսից ավելին արդեն անցել է։ Թերանում են»։

Նա նշեց, որ քաղցկեղ հիվանդությունն ընդգրկված է կառավարության ցուցակում։

«Աղվանը բուժվել է, բայց խիստ վերահսկողության ներքո է, ինչն այս պահին փաստացի չի կատարվում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Աղվան Արշակյանը  կալանավորվել է «հեղաշրջման գործով» հունիսի 25-ին իրականացված լայնածավալ խուզարկություններից ու ձերբակալություններից հետո:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder