ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից. Սուրենյանցը՝ Թրամփի ճանապարհ»-ի մասին
Քաղաքական
18:08 07/08/2025
Հայաստան

ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից. Սուրենյանցը՝ Թրամփի ճանապարհ»-ի մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

««Թրամփի ճանապարհը». միջանցք՝ արևմտյան փաթեթավորմամբ

Ամերիկյան Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում անցկացվող եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր, որի առանցքում է Հայաստանի տարածքով տարանցիկ ճանապարհ կառուցելու բացառիկ իրավունքի տրամադրումը Միացյալ Նահանգներին։

Ըստ հաղորդագրության, այս ճանապարհը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Սյունիքի մարզով, և պաշտոնապես կկոչվի «Թրամփի ճանապարհ» (TRIPP)՝ որպես «միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ նախագիծն իրականացվելու է «Հայաստանի օրենսդրության համաձայն», սակայն ճանապարհի կառուցումն ու շահագործումը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից ընտրված կոնսորցիումին՝ բացառիկ իրավունքով և երկարաժամկետ կարգավիճակով։

Այլ կերպ ասած՝ ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից՝ անկախ նրանից, թե իրավական ձևակերպումներում որքան անգամ օգտագործվի «օրենսդրության համաձայն» արտահայտությունը։

Արդյունքում՝

. Հայաստանի տարածքով նախատեսվող ճանապարհը դառնում է արտահանձնված գոտի՝ օտար կառավարմամբ,

. Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը ձևականորեն պահպանվում են, բայց փաստացի՝ սահմանափակվում,

. Բուն գաղափարն արտահայտում է միջանցքային տրամաբանություն, որը ծնում է լրջագույն մարտահրավերներ։

Ավելին՝ նույն համաձայնագրով նախատեսվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը միջազգային մակարդակով կհաստատի, որ ԼՂ հակամարտությունն «ավարտված» է, իսկ Ադրբեջանն ի վերջո ստանում է թե՛ հաղթողի, թե՛ օրակարգ թելադրողի կարգավիճակ։

 Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ռեգիոնալ օրակարգ, որի գինն այս պահին վճարում է Հայաստանը։

Սա քաղաքական առևտուր է Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Վաշինգտոնում քննարկվելու է ոչ թե երկարատև կարգավորում, այլ միջանցք՝ ամերիկյան կառավարմամբ, ադրբեջանական շահերով և հայկական տարածքով։

Միամիտ է ակնկալել, որ տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելուց և Իրանից մեկուսացնելուց հետո, Երևանը երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ է ստանալու Վաշինգտոնից»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից. Սուրենյանցը՝ Թրամփի ճանապարհ»-ի մասին