Վերաքննիչ բողոքները մերժվել են, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ
Իրավունք
12:41 08/08/2025
Հայաստան

Վերաքննիչ բողոքները մերժվել են, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի անազատության մեջ մնալուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել,  կշարունակի մնալ ազատության մեջ։

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը Panorama.am-ին հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ։

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Մհեր ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ բժշկուհի Ելենա Աղաջանովան ասել էր.  «Վաղաժամկետ ազատ արձակել նման դաժան, իրականում փսիխոպատ մարդասպանին, սխալ, վտանգավոր որոշում է։ Ինձ համար անբացատրելի է, թե ինչպես կարող է գրագետ, կրթված, փորձ ունեցող դատավորը նման որոշում կայացնել։ Մենք բողոքարկել ենք՝ հույս ունենալով, որ արդարությունը կհաղթանակի, մարդասպանը կրկին կհայտնվի բանտում։

Ընդհանրապես, գտնում եմ, մարդասպանը պետք է նստի բանտում, մարդասպան, որը ոչ թե ինչ-որ պատահարի հետևանքով է մարդ սպանել, փորձանք է տեղի ունեցել, այլ պլանավորած, գիտակցված  սպանության է գնացել և հետո փորձել է դա թաքցել։ Մարդը, եթե 20 տարեկանում կարող է նման բան պլանավորել, իրագործել, ինքը միշտ է մնալու վտանգավոր։ Ոչ ոք չի փոխվում, իսկ  փսիխոպատ բնավորությունը, հոգեբանությունը նույնպես երբևէ չի փոխվում, ավելի է կատարեգործվում։ Գտնում եմ, որ նման տականքները վտանգավոր են նորմալ, առողջ պետության, քաղաքացիների, ցանկացած երեխայի, երիտասարդի համար։ Չէ՞ որ նմանատիպ անձը կարող է պղտորել երիտասարդների ուղեղը։ Շատ ուժեղ մանիպուլյատոր լինելով՝ Ենոքյանը վտանգավոր է երիտասարդության համար էլ»։ 

Գործի տեղեկանք

Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի`«1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:

Մհեր Ենոքյանը իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, թե մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերաքննիչ բողոքները մերժվել են, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ