Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը հայտնել է, որ ՍԱՏՄ պահեստապետը Դանիելյանից ստացել ու վաճառել է ընդհանուր 15 300 լիտր բենզինի ու 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Դրանց արդյունքում գոյացած գումարները պահեստապետը փոխանցել է Արմեն Դանիելյանին։ Ըստ նյութերի, վառելիքի կտրոնների վաճառքից գոյացած գումարը կազմում է 7 մլն 844 հզ դրամ։
Մեկ այլ դեպքում, ըստ կոմիտեի, Դանիելյանը հափշտակել է տեսչական մարմնի հաշվեկշռում գտնվող 6 հազար լիտր բենզինի կտրոնները, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։
«Ընդհանուր առմամբ Դանիելյանը հափշտակել է պետությանը պատկանող և իրեն վստահված ընդհանուր ավելի քան 10 մլն դրամ արժեք ունեցող 21 հազար լիտր բենզինի ու 1000 լիտր դիզվառելիքի կտրոնները»,-ասել է Գևորգ Հայրապետյանը։
Գործի նյութերի համաձայն, ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նա մի քանի ամիս՝ 2024-ի նոյեմբերից մինչև 2025 թ. ապրիլ տեսչական մարմնի աշխատակիցներին հանձնարարել է իր հրամանով առանց հիմնավորման որպես պարգևավճար փոխանցվող գումարների մի մասը կանխիկացնել ու պահեստապետի միջոցով տրամադել իրեն։ Այդ գումարները կազմել են 3.5 մլն դրամ։ Այս առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են ՍԱՏՄ 6 աշխատակիցների օգնությամբ։ Պետությանը պատճառվել է 14 մլն դրամի վնաս։ 10 մլն դրամը Դանիելյանը վերականգնել է։
Մեղադրանք է ներկայացվել ՍԱՏՄ նախկին ղեկավարին ու պահեստապետին։ Դանիելյանը մեղադրանքը չի ընդունում, այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված տնային կալանքը։
Ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար ՍԱՏՄ նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: