Կամ մինչև տարվա վերջ աղբի վերամշակման մրցույթը կկայանա, կամ ես կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան
Հասարակություն
11:36 18/08/2025
Հայաստան

Կամ մինչև տարվա վերջ աղբի վերամշակման մրցույթը կկայանա, կամ ես կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան

«Օգոստոսի 8-ին, 00։30-ին ահազանգ ստացվեց, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 4 հասցեի աղբի տեղադրման վայրում»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա վստահեցրեց, որ Փրկարար ծառայության և քաղաքապետարանի  համապատասխան ստորաբաժանումների ռեսուրսներով կրակը հանգցվել էր առավոտ 9-ի դրությամբ, բայց աղբավայրն ամբողջ ծավալով ծխացել է։

Արեյանը վստահեցրեց, որ 12 վարչական շրջանները 9 օր շարունակ աջակցել են շիջման աշխատանքներին՝ հող և ջուր տեղափոխելով, օգնել են նաև «Գազպրոմ Արմենի» ընկերության Երևանի տնօրինությւոնը, Երևանի կառուցապատողների ասոցիացիան և այլ մասնավոր ընկերություններ։

«9-օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող և այս պահին ել աշխատանքները շարունակվում են։

 Բոլոր ռեսուրսները կիրառվեցին շատ արդյունավետ, վտանգը վերացված է և մենք այնտեղ ունենք շարունակական աշխատանքներ, այսօր էլ հողի տեղափոխում է իրականացվում»,-զեկուցեց Արեյանը և հավելեց,որ հարցի կարգավորման նպատակով մշակել են գործողությունների ծրագիր։

Փրկարար ծառայության ներկայացուցիչն էլ հայտնեց, որ 430 փրկարար է մասնակցել շիջմանը։

«Եկել հանգել ենք փուլի, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ և ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում այդ մրցույթի հետ կապված»,-ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և շարունակեց. «Ես այսպես կդնեմ հարցը, կամ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կամ ես համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ»։

Նա հայտարարեց, թե այն Երևանի ամենակարևոր և դժվարին հարցրեից մեկն է և մինչև տարվա վերջ պետք է բերվի վերջանկան լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթի արդյունք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder