«Ժողովուրդ». Ո՞վ է Երևանի դատախազը
Օրվա մամուլ
08:45 28/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ո՞վ է Երևանի դատախազը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը, որն ուղիղ եթերով տեսել ու լսել են բոլորը՝ հայհոյանքներով, բռնությամբ ու բացահայտ խուլիգանությամբ, դեռևս իրավական գնահատական չի ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը, արձանագրելով ակնհայտ հանցանքի փաստը, հաղորդում էր տվել հանցագործության մասին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը դեպքի պահին ներկա էր և սեփական աչքերով տեսել ու լսել էր կատարվածը, մեր դիմումն ուղղեց Երևանի դատախազություն։ Իսկ Երևանի դատախազությունն իր հերթին հարցը հանձնարարեց ոստիկանությանը՝ «ուսումնասիրելու» համար։

Հասարակության շրջանում օրինաչափ հարց է առաջանում. ի՞նչն են ուսումնասիրում, երբ ամեն ինչ եղել է հանրային դահլիճում, ուղիղ եթերում։

Այս անգործության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց ուսումնասիրել Երևանի դատախազի անցյալը։ Ո՞վ է Երևանի դատախազը։

Ինչպես հայտնի է, 2023-ի նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ Երևանի դատախազ նշանակվեց Ռաֆայել Մանուկյանը։ Մինչ այդ նա եղել էր Երևանի դատախազի տեղակալ, դրանից առաջ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալ։ Կարելի է ասել, որ նա աստիճանաբար բարձրացել է ծառայողական աստիճանակարգով. բայց նրա հետ մեկտեղ

2009-ին Մանուկյանը, ինչպես վկայում է նրա մորեղբայրը՝ ռուսաստանցի գործարար, «Трансхолод»-ի նախկին տնօրեն Կամո Սահակյանը, «բավականին աղքատ» է եղել։ Վերջինս հիշում է, որ 2011-ին Մանուկյանն ու մայրը իրենից բնակարան են խնդրել, և ինքը գնել է՝ ձևակերպելով Ռաֆայելի մոր անունով։ Հետագայում բնակարանը վաճառվել է, այդ գումարով գնվել է մեկ այլ բնակարան ու թանկարժեք կահույք։

Սահակյանի պնդմամբ, ինքը բազմիցս օգնել է քրոջ որդուն՝ բնակարաններով, տեխնիկայով, նույնիսկ հագուստով։ Ավելին՝ կողմերը պայմանավորվել են, որ Ռաֆայելը պետք է վերադարձնի այդ փողերը։ Սակայն, գործարարի խոսքով, նա վերադարձրել է միայն մեքենայի գումարը, իսկ բնակարանի գումարից հրաժարվել է։ «Ասել է՝ ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը ոչինչ», – պատմում է վիրավորված մորեղբայրը։

Կամո Սահակյանը դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն նրա բողոքը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ եզրակացրել են, թե «Մանուկյանի արարքում հանցակազմ չկա»։ Նույն պատասխանը գործարարը ստացել է նաև վարչապետի գրասենյակի միջոցով կրկին դիմելուց հետո։

Մանուկյանի պատասխանը

Երևանի դատախազ Ռաֆայել Մանուկյանը իր մորեղբոր պնդումները որակում է «զրպարտություն»։ Նրա խոսքով՝ բնակարանը նվեր է գնվել մոր համար, ոչ թե իր։ Իսկ մորեղբոր վարքագիծը, ըստ Մանուկյանի, պայմանավորված է «հոգեկան անհավասարակշռությամբ»։

Բաց հարց

Արդեն երկու ամիս է անցել ԱԺ խուլիգանական միջադեպից, վարույթ դեռ չի նախաձեռնվել. եթե դատենք Երևանի դատախազի անցյալից ու նրա շուրջ եղած հակասական պատմություններից, դժվար է հավատալ, որ մոտ ապագայում որևիցե ՔՊ-ական պատգամավոր պատասխանատվության կենթարկվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ո՞վ է Երևանի դատախազը