«Ժողովուրդ». Երևանի տրանսպորտում քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաև նվաստացնող վերաբերմունքի
Օրվա մամուլ
08:23 29/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երևանի տրանսպորտում քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաև նվաստացնող վերաբերմունքի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի տրանսպորտում տիրող իրավիճակը, հատկապես սակագնի թանկացումից հետո, օրեցօր ավելի լարված է դառնում։ Եթե իշխանությունը բարձր գինը հիմնավորում էր ծառայության որակի բարձրացմամբ, ապա իրականությունը հակառակն է. քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաև նվաստացնող վերաբերմունքի։

Վերջին օրերին Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը և բլոգեր Արթուր Չախոյանը դիտարկումներ են արել տրանսպորտում։ Նրանք փաստել են՝ Տիգրան Ավինյանի վարչակազմի ուղարկած վերահսկողները քաղաքացիների հետ խոսում են ոչ հարգալից տոնով, հաճախ՝ ագրեսիվ և «քյարթու» վարքագիծ դրսևորում։ Տուգանքներ են գրանցվում նույնիսկ առանց ստուգման։ Չախոյանն ինքը երեկ տուգանվել է՝ առանց որևէ ստուգման կամ հիմնավորման։

Հասարակական վերահսկողությունը, ըստ ամենայնի, վերածվել է քաղաքացիների դեմ ուղղված մեխանիզմի։ Սա լուրջ ահազանգ է. քաղաքապետարանը պարտավոր է երաշխավորել ոչ միայն վճարային կարգապահություն, այլ նաև արժանապատիվ վերաբերմունք իր քաղաքացիների նկատմամբ։

Թանկացած տոմսի դիմաց երևանցին ակնկալում է ոչ թե ճնշում ու կասկած, այլ անվտանգ, հարգալից ու որակյալ սպասարկում: Մինչդեռ այսօր Երևանում գործ ունենք տրանսպորտային քաղաքականության տապալման ևս մեկ դրսևորման հետ, որի քաղաքական պատասխանատվությունը լիովին կրում է Տիգրան Ավինյանը. մարդ, որ արդեն ասոցացվում է ստախոսության հետ: Մինչ այս քարոզում էր՝ «ասե՛ք՝ կանե՛նք», հիմա ասում ենք՝ քո խոստացած տրոլեյբուսները գնի՛ր, ասում է՝ փող չկա, ասում ենք՝ մահվան վերելակները փոխի՛ր, ասում է՝ փող չկա: Ասում ենք՝ մարդկանց մի՛ նվաստացրու, նա ուղարկում է թաղային խուժան և «ախրանիկ» հիշեցնող զազրելի ժամանակների կերպարներին հանրային տրանսպորտ՝ նսեմացնելու ՀՀ քաղաքացիներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder