Նարեկ Կարապետյան. Արդյո՞ք կուսակցություն, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու
Քաղաքական
11:34 29/08/2025
Հայաստան

Նարեկ Կարապետյան. Արդյո՞ք կուսակցություն, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու

«Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում հասել ենք մի կետի,  երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկն ազդադարող միջոցառմանն ասաց միջազգային հարաբերությունների մասնագետ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ առկա հասարակական ու քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում, ինչքան ավելի շատ են հակասություններն ու  ատելությունը, այքան ավելի անհաջող են գնում մեր գործերը։

«Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը։ Մարդիկ, ցավոք,  չտրանֆորմացվեցին ընդդիմադիր դեղին մամուլի խմբագրից, պետական միավորող գործչի, ինչը մեր հասարակությունը կողջուներ»,- ասաց Ն. Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ձև հայ ազգն ունի՝ մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը։

«Այսօր մենք՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս ու գործընկերներս, հայտարարում ենք «Մեր ձևով» կամավորական շարժման հիմնադրման մասին»,- ասաց Ն. Կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ։

Նախ՝ ի՞նչ է նշանակում կամավորական շարժում, ինչո՞ւ են այսօր ազդարարում ոչ թե  կուսակցության մեկնարկի մասին, այլ շարժման։

«Կամավորական շարժումն այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու հասարակությանը, համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։ Շարժումն ապաքաղաքական կամավոր միավորում է, մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել  տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, ովքեր կարող են աշխատանքից  ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին։

Նշանակո՞ւմ է  արդյոք, որ մենք կուսակցություն, ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։

Ոչ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջին փուլն է։ Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է, և մենք  մեր գործունեության երկրորդ փուլում  պատրաստվում ենք մեր մշակած  մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կարողանալու ենք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»։

Նա ասաց, որ շարժումն իրականացնելու է գործողություններ 5 ուղղություններով՝ ստեղծելու է հինգ աշխատանքային խումբ։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ կուսակցության մասին 4 ամիս հետո հանդես կգան ավելի կոնկրետ՝ կուսակցական ծրագրային առաջարկով։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder