Հոգեբան. Շատ դժար է երեխային նման բան պարտադրելը, պետք է մասնագետների որոշմամբ ընտրվի լավագույն տարբերակը
Կրթություն, գիտություն
16:39 29/08/2025
Հայաստան

Հոգեբան. Շատ դժար է երեխային նման բան պարտադրելը, պետք է մասնագետների որոշմամբ ընտրվի լավագույն տարբերակը

Սեպտեմբերի 1-ից Երևանի դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 08.30-ի փոխարեն 08:15-ին։ Երեկվանից, երբ հայտնի դարձավ այս փոփոխոխության մասին, շատ ծնողներ, նաև ուսուցիչներ դժգոհություն են հայտնել, փորձագետներ ներկայացել են կարծիք, չեն հասկանում, թե ինչ ուսումնասիրության, հետազոտության կամ վերլուծության հիման վրա է նման որոշում կայացվել։

Panorama.am-ի հետ զրույցում  հոգեբան Աննա Մանուկյանն ասաց, որ ցանկացած նորամուծություն, որը փորձում են մտցնել մարդկանց կյանք, առօրյա, հատկապես երեխաների, պետք է նախապատրաստել, մշակել ու ներկայացնել դրանց դրական կողմերը, որն այս դեպքում չի արվել։

«Եթե երեխային դպրոց ես կանչում ժամը 08։15-ին, բացատրիր, թե ինչով է դա ավելի լավ, քան ժամը 09․00-ին կամ 08։30-ին գալը։ Այդ պատճառով էլ դժգոհություն է առաջացրել բոլորի մոտ։ Կարծեք թե, մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում, բայց կոնստրուկտիվ ինֆորացիայի պակասը միշտ կա։ Մարդիկ իրար հետ մինչև վերջ ոչ մի բան չեն խոսում, դրա պատճառով խնդիրներ ու վեճեր են առաջանում, նոր օրենքներ են մշակվում, բոլորս՝ որպես քաղաքացիներ, ուզում ենք հետևել դրանց, բայց չեն բացատրվում, ներկայացվում դրանց դրական  կողմերը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է երեխաների՝ հոգեբանորեն պատրաստ լինելուն, Ա. Մանուկյանն ասաց, որ երեխաները տարբեր են ու շատ անհատական է հարցը։  

«Կան երեխաներ, որոնք շուտ քնում են ու վաղ առավոտյան արթնանում՝ 06։00-07։00-ին, կան երեխաներ, որոնք քնի հետ կապված ունեն իրենց առանձնահատկությունները՝ ուշ են քնում, դժվարությամբ արթնանում։ Դա թերություն չէ, իրենց տեսակն է ու դա փոփոխական է։

Մեծահասկաները կարողանում են ղեկավարել իրենց քունը, օրինակ շուտ քնել, շուտ արթնանալ, բայց երեխան ղեկավարվում է  սեփական ցանկություններով։ Երեխային պարտադրել նման բան՝ շատ դժվար է, պետք է օգնել, նախապատրաստել, ցույց տալ շուտ արթնանալու բոնուսները։

Մեզ չեն ասել՝ այս փոփոխությունն ունի դրական կողմ, թե ոչ։ Մենք չունենք ինֆորմացիա»,- ասաց Ա. Մանուկյանը։

Նա նշեց, որ նախքան նման որոշում կայացնելը, պետք էր մասնագետների, բժիշկների հետ խորհրդակցել։

«Գոյություն ունեն քնի ֆազաներ, պետք է դրանք հաշվի առնվեն, բացատրվեն առանձնահատկությունները։ Մենք ունենք լավ մասնագետներ, իրենց գիտելիքը պետք է ցուցադրել։ Համակարգված, մասնագետների որոշմամբ պետք է ընտրվի լավագույն տարբերակը»,- ասաց հոգեբանը։

Ըստ նրա, երեխաները պետք է հաճույքով արթնանան առավոտյան, նաև մեծերը՝ օրինակ ծառայելով երեխաներին։

Panorama.am-ի դիտարկմանը, որ շուտ դպրոց հաճախելը, թեկուզ 15 րոպե, երեխաների շրջանում կարող է առաջացնել դժգոհություն ու վատ տրամադրությամբ դպրոց գնալը կարող է ազդել նրանց սովորելու ցանկություն վրա, հոգեբանն ասաց. «Այո, նաև ամբողջ կյանքի վրա։ Եթե ուսումը մի պահ դնենք մի կողմ, նաև ունենք կյանք, որն ավելի կարևոր է։ Ստիպում են շուտ արթնանալ, լավ սովորել, հասցնել, իսկ ապրելը մենք մոռացել ենք, ապրելը գնացել է երկրորդ պլան։ Եկեք առաջ բերենք։ Նոր ներկայացվող, մշակվող, փոփոխվող օրենքներում  պետք է կյանքի արժեքավորությունն ընդգծել, հատկապես փոքրիկների դեպքում, որոնք նոր են սկսում կյանքը ճանաչել, մերվել այս կյանքի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հոգեբան. Շատ դժար է երեխային նման բան պարտադրելը, պետք է մասնագետների որոշմամբ ընտրվի լավագույն տարբերակը