Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին
Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցել է շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնեց, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։
Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական է նկատել ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորե է համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը մաղթել է տիար Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադարձ ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։ Նորին Սրբությունն ազգօգուտ ու արդյունավոր առաքելություն է ցանկացել շարժման ներկայացուցիչներին։





