Հայաստանը պատրաստվում է 2 հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ
Մշակույթ
13:08 03/09/2025
Հայաստան

Հայաստանը պատրաստվում է 2 հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ

Հայաստանը պատրաստվում է երկու հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար։ Առաջին հայտի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող Հարություն Վանյանը մանրամասներ չի հայտնել, նշել է, որ դրա վերաբերյալ առաջիկայում կհայտարարվի։

Մյուս հայտը պատրաստվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ, այն վերաբերում է  «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ վերջինիս կապին:

Վանյանն աշխատանքային խմբին ներկայացրել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում վերջին 2 տարիներին ընդգրկված 3 հուշարձանները՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը», «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։ Ամփոփելով իրականացված աշխատանքերը՝ նա շնորհակալություն է հայտնել հայտերի պատրաստմանն աջակցած կազմակերպություններին։

Հանդիպման ընթացքում նախանշվել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու ուղղությամբ հետագա անելիքները։ Մասնավորապես՝ քննարկվել են նախնական ցանկում ընդգրկված հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախնական ցանկում ընգրկվելու չափանիշներին համապատասխանող մի շարք հուշարձանների առաջադրման հավանականությունը։ Ցանկում որպես առանձին բաղադրիչ ներառելու նպատակով քննարկվել է նաև բնության հուշարձան առաջադրելու հնարավորությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանը պատրաստվում է 2 հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ