Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱԺ-ն քննարկում է «Բռնության և ոտնձգության մասին» ԱՄԿ-ի կոնվենցիայի վավերացման հարցը
ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Դիտարկեց «Բռնության և ոտնձգության մասին» ԱՄԿ-ի կոնվենցիան, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Նա նշեց, որ արդեն 50 երկիր վավերացրել են կոնվեցիան, որը վերաբերում է աշխատողների իրավունքներին և որով նաև նախատեսված է հարցերի արտադատական լոիծման ինստիտուտը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան (այսուհետ նաեւ՝ Կոնվենցիա) պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին: Այն վերաբերում է նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:
Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաեւ անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:
Կոնվենցիան կիրառվում է եւ՛ մասնավոր, եւ՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:
Կոնվենցիայի վավերացումը կխթանի՝
1. Աշխատավայրի անվտանգության եւ առողջության պահպանմանը. կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու անվտանգ եւ առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը եւ ոտնձգություններին, ինչը կարեւոր է աշխատողների անվտանգության եւ բարեկեցության բարելավման համար:
2. Միջազգային չափանիշների համապատասխանեցմանը. կոնվենցիայի վավերացումով Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կհամարվի արդար աշխատանքային պրակտիկայի խթանման հանձնառու երկիր, ինչը կնպաստի միջազգային հանրության հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը եւ ամրապնդմանը:
3. Աշխատողների իրավունքների պաշտպանությանը. կոնվենցիայի վավերացումը ցույց կտա Հայաստանի հանձնառությունը բոլոր աշխատողների, հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, որոնք կարող են բախվել աշխատավայրում բռնության եւ ոտնձգությունների ավելի մեծ ռիսկերի:
4. Սոցիալ-տնտեսական զարգացմանը. անվտանգ եւ հարգալից աշխատանքային միջավայրի ապահովումը նպաստում է արտադրողականության բարձրացմանը եւ աշխատանքից բավարարվածությանը:
5. Տնտեսական ծախսերի կրճատմանը. աշխատավայրում բռնությունը եւ ոտնձգությունները հանգեցնում են տնտեսական զգալի ծախսերի՝ շրջանառության եւ արտադրողականության անկում: Կոնվենցիայի վավերացումը կստիպի գործատուներին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ի վերջո նվազագույնի հասցնելով այս ծախսերը:
6. Գենդերային հավասարության պարտավորությանը. կոնվենցիան բացահայտորեն ճանաչում է աշխատավայրում կանանց առջեւ ծառացած եզակի մարտահրավերները՝ կապված բռնության եւ ոտնձգությունների հետ:
7. Սոցիալական երկխոսության խրախուսմանը. կոնվենցիան խրախուսում է սոցիալական երկխոսությունը կառավարության, գործատուների եւ աշխատողների միջեւ, այսպիսով՝ վավերացումը կխթանի աշխատավայրում առկա խնդիրների նկատմամբ համագործակցային մոտեցմանը, որը թույլ կտա շահագրգիռ տարբեր կողմերին նպաստել լուծումներին:
Օրենսդրության եւ քաղաքականության ամրապնդման տեսանկյունից Կոնվենցիայի վավերացումը կնպաստի ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը՝ դառնալով ավելի ամուր բռնության եւ ոտնձգությունների դեմ պայքարում:
Բռնությունն ու ոտնձգությունն ազդում են անձի հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական առողջության, արժանապատվության եւ ընտանեկան ու սոցիալական միջավայրի վրա, բռնությունն ու ոտնձգությունն ազդում են նաեւ պետական եւ մասնավոր ծառայությունների որակի վրա եւ կարող են խոչընդոտել մարդկանց, հատկապես կանանց մուտքն աշխատաշուկա եւ ունենալ առաջխաղացում: Բռնությունն ու ոտնձգությունն անհամատեղելի են կայուն ձեռնարկությունների խթանման հետ եւ բացասաբար են ազդում աշխատանքի կազմակերպման, աշխատավայրում հարաբերությունների, աշխատողների ներգրավվածության, ձեռնարկության հեղինակության եւ արտադրողականության վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Կոնվենցիայի վավերացումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիային միանալը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ՝ «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի պահանջներից (արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու եւ բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաեւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին):
Մյուս կողմից, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշմամբ հաստատված Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի 5.3 մասնավոր նպատակի 5.3.1-ին ծրագրի 2-րդ ենթակետով սահմանված է, որ սահմանվելու են ապահով եւ անվտանգ աշխատանքային պայմաններ խթանող կարգավորումներ ու պահանջներ, ինչպես նաեւ իրականացվելու է պարբերական մոնիտորինգ՝ բացառելու բռնությունը, սեռական ոտնձգությունները եւ խտրականությունը»: