Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կմասնակցենք 2026-ի ընտրություններին, իսկ Հայաստանի տակ ամենօրյա ռեժիմով ռումբեր տեղադրող իշխանությանը պետք է օր առաջ հեռացնել. Նաիրի Սարգսյան
«Պետք է ջանք չխնայել և օր առաջ ազատվել Հայաստանի հիմքերը խարխլող, Հայաստանի տակ ամենօրյա ռեժիմով բոմբեր տեղադրող իշխանությունից»,- ասուլիսում ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Նա հայտարարեց, որ իրենց նախաձեռնությունը 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքի ձևաչափով։
«Առաջիկա քաղաքական ծրագրի և մասնակցության ձևաչափի վերաբերյալ անպայման կհայտարարենք ամենայն մասնակցությամբ»,- ընդգծեց Ն.Սարգսյանը։
Նրա խոսքով, կհամագործակցեն բոլոր այն անձանց հետ, որոնց նպատակն իրապես այս իշխանությանը հեռացնելն է, ովքեր գաղափարային առումով դեմ են այսօրվա իշխանության արժեհամակարգին. «Կհամագործակցենք բոլոր այն մարդկանց հետ, որոնց ծրագրերը, գաղափարները, արժեհամակարգը մոտ է մեր արժեհամակարգին, գաղափարներին, ծրագրին, որոնց իրական նպատակը Հայաստանին այս չարիքը բերած, Հայաստանի տակ ամենօրյա ռեժիմով ռումբեր տեղադրող իշխանությանը հեռացնելն է»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Նա նաև հայտարարեց, որ իրենց ուժի հետևում չեն կարող գտել ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին. «Մեզ համար գերական Հայաստանի շահն է, մենք այդ շահի գիտակցումով ենք առաջնորդվում, մեր ռազմավարական համագործակցությունները, հետագա գործողությունները նրանց հետ պատկերացնում ենք միայն Հայաստանի պետական շահի հետ համադրելով։ Չունենք ուղղվածություն՝ Ռուսասատան, թե Արևմուտք, մեծ հաշվով Հայաստանում արդեն Թուրքիայի ազդեցությունն է շատ ավելի ուժեղացել։ Հայաստանի շահը խորը գիտակցելով՝ պետք է գնանք լուծումների իրականացմանը»։
Ն.Սարգսյանը նշեց, որ նախաձեռնության անդամները շարունակելու են ամենօրյա ռեժիմով իրենց հասարակական աշխատանքները, բայց Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ունեն քաղաքական բնույթ, հետևաբար դրանք ունեն քաղաքական լուծումներ. «Առաջիկայում կներկայացնենք արդեն մեր քաղաքական ծրագիրը, այն իրագործելու կարողություն ունեցող դեմքերին, միասին կկառուցենք հզոր Հայաստան»։
Նաիրի Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը ես եմ» քաղաքական-հասարակական նախաձեռնությունը չի վերածվի կուսակցության, կուսակցական գործունեությամբ չեն ցանկանում զբաղվել։
«Զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ։ Մենք պատկերացում ենք Հայաստանի վերականգնումը պրոֆեսիոնալ և տեխնոկրատ կառավարության եղանակով, շատ հաճախ պրոֆեսիոնալներն ու տեխնոկրատները չեն ցանկանում կուսակցության անդամ լինել։ Կուսակցությունը մեր գործունեության համար շատ խորթ է, և մենք նախընտրել ենք որպես դրա իրացման գործիք դաշինքի ձևավորումը»,- ասաց նախաձեռնության ղեկավար Ն.Սարգսյանը։