ԿԲ նախագահը 5.3 տոկոսից բարձր տնտեսական աճի ազդակներ է տեսնում
Տնտեսություն
10:46 09/09/2025
Հայաստան

ԿԲ նախագահը 5.3 տոկոսից բարձր տնտեսական աճի ազդակներ է տեսնում

«2025-ի համար տարբեր ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4.9-5.3 տոկոսի միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա վերջում ավելի բարձր աճի ազդակներ են պարունակում»,-ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, այս տարվա սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, իսկ վերջին ամիսներին դիտվում են նաև աճի արագացման միտումներ՝ պայմանավորված հատկապես արտահանելի ծառայությունների՝ ՏՏ, զբոսաշրջություն, ֆինանսական ոլորտի էական ակտիվությամբ։

«Տարվա ընթացքում տնտեսական ակտիվությանը շարունակել է մեծապես նպաստել շինարարության ոլորտի բարձր աճը։ Այնուամենայնիվ, տարեսկզբից տնտեսական աճի տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»,-ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է գնաճային միջավայրին ու ԿԲ քաղաքականությանը, ապա բանախոսն ասաց, օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6 տոկոս։

«Սա հիմնականում պայմանավորաված է սեզոնային պարենի ու  առանձին տատանողական բաղադրիչների գների աճով։ Պահպանվում են ոչ պարենային ապրանքների մասով արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանում արտադրողների գների նվազմամբ։ Տարեսկզբին սպասումներին համահունչ են աճել նաև կարգավորվող ծառայությունների, մասնավորապես տրանսպորտի սակագները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գնաճային սպասումները գնալով նվազում են՝ մոտենալով թիրախային նպատակի։

ԿԲ դրամավարկային քաղաքականության համաձայն, 2025-ին 12-ամսյա գնաճը գնահատվում է 3 տոկոսի շրջակայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԲ նախագահը 5.3 տոկոսից բարձր տնտեսական աճի ազդակներ է տեսնում