Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք 2026-ին սպասելու սիրահարների, 2026-ի ակումբի անդամներ չենք. Հայկ Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության մնալը աղետ է բերում Հայաստանին ու ստեղծում է անդառնալի հետևանքներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, իշխանափոխության խնդիրն անհրաժեշտ է լուծել մինչև ընտրությունները. «Ես այդքան էլ լավ չեմ հասկանում նստելն ու ակտիվ ընտրություններին սպասելը»։
Նա ասաց, որ իրենք առաջարկում են այս պահին միակ, իրենց կարծիքով, իրատեսական լուծումը՝ իմպիչմենտի գործընթացը։
«Դա այս պահին Փաշինյանի հեռացման՝ Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է։ Եթե կան այլ օրակարգեր, սիրով կքննարկենք, բայց, կարծեք, ոչ մեկ որևէ այլ բան չի առաջարկում։ Իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի առաջնահերթությունը»,- նշեց Մամիջանյանը։
Ըստ նրա, առանց հանրային կոնսոլիդացիայի, առանց փողոցի ճնշման հնարավոր չէ իրականացնել այդ գործընթաց. «Փողոցային ճնշումը վարչապետին անվստահաություն հայտնելու գործընթացի կարևորագույն ու որոշիչ բաղադրիչն է»։
Հայկ Մամիջանյանի խոսքով, առաջին փուլում անհրաժեշտ է խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը միանան այդ գործըթնացին, հետևաբար շարունակում են սպասել «Հայաստան» խմբակցության արձագանքին։
«Խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումն առաջին կարևորագույն փուլն է, որ Փաշինյանին անհրաժեշտ է հեռացնել ու կատարել այն խոստումը, որը բոլորս տվել ենք 2021 թվականին, դրան նախորդող փողոցային ակցիաների ժամանակ։
Հիմա մենք մեր խոստումը կատարում ենք, դրա համար, մեր կարծիքով, միակ հնարավոր օրակարգն առաջարկում ենք։ Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կմիանան կամ կառաջարկեն այլընտրանքային օրակարգ, որը չի լինելու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարցին, եթե չի ստացվում իմպիչմենտի գործընթացը, ՀՀԿ-ն 2026-ի ընտրություններին մասնացելո՞ւ է, նշվում է՝ ներքին քննարկումներ կան, Մամիջանյանն ասաց. «2026-ի հետ կապաված ՀՀԿ ներգրաված չէ որևէ ներքին քննարկումների մեջ, ներկուսակցական քննարկումները, բոլոր շփումները խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ միտված է բացառապես իմպիչմենտի օրակարգն առաջ մղելուն։ Մենք 2026-ին սպասելու սիրահարների, 2026-ի ակումբի անդամներ չենք, փորձում ենք գործ անել, քանի որ մինչև 2026-ի ընտրությունները ձեռքներ ծալած նստելը մեզ համար չէ»։