«Հրապարակ». ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է առաջնահերթությունը վերացնել տալ
Օրվա մամուլ
08:34 11/09/2025
Հայաստան

«Հրապարակ». ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է առաջնահերթությունը վերացնել տալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ը վերացրել է հայ դատավորների գանգատներն «առաջնահերթության կարգով» քննելու որոշումը։ Խոսքը մեկ տասնյակից ավելի դատավորների մասին է, որոնց լիազորությունները դադարեցվեցին Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան տանդեմի ջանքերով, քանի որ նրանք նախկինների ժամանակ էին նշանակվել և հրաժարվում էին կատարել այս իշխանությունների պատվերները։ Դատավորները դիմել են ՄԻԵԴ, արդեն իսկ կան որոշումներ՝ նրանց օգտին։

Հաշվի առնելով դատավորների կարգավիճակը և առաջ քաշած հարցի կարևորությունը՝ ՄԻԵԴ-ը որոշել էր առաջնահերթություն տալ այդ գործերին, ինչը նշանակում էր, որ եթե սովորական գործերով վճիռ է կայացվում դիմելուց 8-10 տարի անց, առաջնահերթ քննվող գործերով 1-2 տարի է տևում գործընթացը։ ՄԻԵԴ-ն արդեն առաջնահերթության կարգով քննել է դատավոր Սուրեն Անտոնյանի բողոքը և կասկածի տակ դրել ԲԴԽ նախագահ Անդրեասյանի անաչառությունը։ Այժմ նոր կազմով ԲԴԽ-ն քննում է Անտոնյանի հարցը՝ ՄԻԵԴ որոշման լույսի ներքո, և սեպտեմբերի 17-ին հրապարակելու է որոշումը։

Տեղեկացանք, որ առաջնահերթության որոշումը պահպանվել է միայն Վճռաբեկի դատավորների՝ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի առնչությամբ, մյուս ատյանների դատավորների հետ կապված գործերը ՄԻԵԴ-ը քննելու է սովորական կարգով։ Համակարգում ենթադրում են, որ վերջերս ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է այս հարցում հասնել հաջողության՝ առաջնահերթությունը վերացնել տալ։ Առաջնահերթությունից չեն հանել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի գանգատները։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ գանգատաբեր դատավորներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել ՄԻԵԴ այս որոշումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder