ԿԳՄՍ-ն Մեսրոպ Մաշտոցին պարզապես կոդավորել է
Կրթություն, գիտություն
12:10 11/09/2025
Հայաստան

ԿԳՄՍ-ն Մեսրոպ Մաշտոցին պարզապես կոդավորել է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2025/26 ուսումնական տարվա մեկնարկից  օրեր առաջ ազդարարեց՝ այս ուսումնական տարվա համար ունեն նոր այբբենարան։ Արդեն սեպտեմբերի 1-ից  ուսուցիչները, ծնողներն ահազանգեցին՝ նոր այբբենարանում բացակայում է Մեսրոպ Մաշտոցի նկարը, չկա նաև հայոց գրերի գյուտի մասին տեղեկություն։

Panorama.am-ը հարցեր ուղղեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ Մեսրոպ Մաշտոցի նկարը, հայոց գրերի գյուտի մասին հատվածը չկա այբբենարանում, արդյո՞ք հեղինակներն անհրաժեշտ չեն համարվել, որ առաջին դասարանցիները նաև նկարով ճանաչեն հայոց տառերը ստեղծողին ու թե ինչպես են ստեղծվել այդ տառերը, թե՞ հանրակրթական նոր չափորոշչին է համապատասխանեցվել։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը Panorama.am-ի հարցերին ի պատասխան նշել է, որ 2025-2026 ուսումնական տարում 1-ին դասարանում գործածության մեջ են դրվել «Այբբենարան» գիրք-տետրերը, որոնք կառուցված են կարողունակությունների ձևավորման սկզբունքով՝ նախատեսված համապատասխան տարիքային առանձնահատկություններին. «Այս ուսումնական միջոցները ներառում են առաջադրանքներ և բովանդակային հատվածներ, որոնք ուղղված են գրագիտության, ինքնարտահայտման և ճանաչողական հմտությունների ձևավորմանը, և քանի որ երեխաները աշխատում են «Այբբենարան» գիրք-տետրերում, դրանցում ծավալուն տեքստերի տեղակայումը նպատակահարմար չէ»։

«Գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցին առաջին դասարանում անդրադառնալու վերաբերյալ մեթոդական ցուցումներ տրված են ուսուցիչների համար նախատեսված ուսումնաօժանդակ ձեռնարկում, որն ապահովում է ոչ միայն մեթոդական աջակցություն, այլև ներկայացնում է հիշատակված թեմաների դասավանդման հստակ մոտեցումներ։

Հետևաբար, տարրական դպրոցի ուսումնական գործընթացում անհնար է շրջանցել այս թեմաները, քանի որ դրանք կրում են և՛ մշակութային, և՛ մտավոր կարողունակությունների զարգացման կարևոր դեր։ Սա ընդգծվում է նաև մշակութային կրթության կազմակերպման շրջանակում կիրառվող ձևաչափերով, մասնավորապես, առաջին դասարանցիների համար գրեթե պարտադիր է դարձել այցելությունը Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Տառերի պուրակ, Մատենադարան, ինչը վերածվել է կրթական ավանդույթի։ Բացի դրանից, դպրոցներում ամեն տարի տառուսուցման մեկնարկին կազմակերպվում են տառերի և Մեսրոպ Մաշտոցի մեծարման միջոցառումներ, որոնք ընդգծում են գրերի խորհրդանշական նշանակությունը ազգային ինքնության ձևավորման մեջ։

Միաժամանակ,  այբբենարանում  Մեսրոպ Մաշտոցը  ներկայացվում է  կերպարի բացահայտման այլ տարբերակով ևս՝ առաջին երեք տառերը սովորելուց հետո,  «է» տառի ուսուցման ընթացքում այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին։

Այս ամենը ցույց է տալիս, որ «Գրերի գյուտ» և «Մեսրոպ Մաշտոց» թեմաները չեն դիտարկվում որպես սովորական տեղեկատվական բովանդակություն, այլ հանդիսանում են կրթության ռազմավարական բաղադրիչ՝ ազգային արժեհամակարգի ներածման և խորացման նպատակով»,- մանրամասն ներկայացրել է Սվաջյանը։

Ըստ նրա, Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացիկ փուլը և դասագրքերի բարելավման հնարավորությունը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ նոր դասագրքերի ներդրումը համարվում է ուսուցիչների կողմից փորձարկման և կիրառման փուլ, հետևաբար, արդյունքները և գործնական կիրառման ընթացքում հավաքագրված առաջարկները, դիտարկումներն ու արձանագրված դժվարությունները հիմք են ծրագրերի ու դասագրքերի  հետագա բարելավման համար:                   

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը նաև նշել է. «Դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է  առարկայական ծրագրերի և  չափորոշիչների համաձայն` հիմք ընդունելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվական հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջները: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ նշված կարգի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն և մշակված գնահատման սանդղակին համապատասխան։

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակային բաղադրիչներում առանձնահատուկ կարևորություն է տրվում ազգային ինքնության ձևավորմանն ու զարգացմանը նպաստող տարրերին։

Հանրակրթության պետական չափորոշչի «Լեզվական կրթություն» և «Հայրենագիտություն» բնագավառներում մի շարք դասարանների կրթական ծրագրերում «Գրերի գյուտ» և «Մեսրոպ Մաշտոց» թեմաների ներառումը ծրագրային առաջնահերթություն է, և դրանց ուսուցումն իրականացվում է շարունակաբար։

Գրերի ստեղծման թեման, որը համարվում է հայ լեզվամշակութային ինքնության հիմնասյուն, պետք է դասավանդման բաղկացուցիչ մաս լինի ոչ միայն «Մայրենի», այլև «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում։ Այս մոտեցումը փաստացի արտահայտված է մի շարք առարկայական ծրագրերում, մասնավորապես.

  • 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի ծրագրում ներառված են լեզվամշակութային արժեքների և ինքնության վերաբերյալ թեմաներ, որոնց շարքում կարևոր դեր ունեն ազգային գրականությունն ու լեզվամտածողությունը։
  • 7-9-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկայի բովանդակության մեջ չափորոշչային պահանջներին համահունչ՝ ընդգրկված են հայոց գրերի գյուտին, Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը վերաբերող թեմաներ՝ որպես հայ ինքնության և պատմամշակութային արժեքների ձևավորման առանցքային փուլ։
  • 9-րդ և բարձր դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայական ծրագրերում առանձին կարևորությամբ են ընդգծվում այն թեմաները, որոնք ներկայացնում են հայ գրավոր մշակույթի հիմքը՝ ներառյալ հայոց գրերի ստեղծման և դրա գաղափարական ու մշակութային ժառանգությանն անդրադարձը։

Այսպիսով, չափորոշչի հիմնական գաղափարները՝ ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության գնահատման և արժևորման վերաբերյալ, լիարժեքորեն արտացոլված են տարբեր առարկաների բովանդակության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու համակարգային և շարունակական մոտեցում՝ ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԳՄՍ-ն Մեսրոպ Մաշտոցին պարզապես կոդավորել է