«Ամեն ինչ իրենց օգտին են անում», «Զինվորները քիչ են, էլ ավելի կքչանան, որը մեզ ձեռնտու չէ». Քաղաքացիները՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին
Հասարակություն
14:53 12/09/2025
Հայաստան

«Ամեն ինչ իրենց օգտին են անում», «Զինվորները քիչ են, էլ ավելի կքչանան, որը մեզ ձեռնտու չէ». Քաղաքացիները՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի ամառային զորակոչից ժամկետային զինծառայությունը դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։ Համապատասխան օրինագիծը զետեղված է e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում։ Նախագծի համաձայն, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:  Օրենքի նախագծի ընդունումը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանավորված է հենց ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:

Panorama.am-ը հարցում անցկացրեց Երևանում՝ ի՞նչ են կարծում քաղաքացիները կառավարության կողմից առաջարկվող փոփոխության մասին։

«Որևէ բանի չեմ հավատում։ Ինչ անում են, ասում են, ամեն ինչ իրենց օգտի համար են անում։ Սա էլ է իրենց օգտին, բայց մինչև վերջ հնարավորչ չէ հասկանալ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Կարծիք հնչեց, որ ի վերջո ուզում են վերացնել բանակը, ինչպես պահանջում են թուրքերն ու ադրբեջանցիները։

Հայրենիքին իրենց պարտքը տված երիտասարդները նույնպես բացասական են վերաբերում օրինագծին. «Զինվորները քիչ են։ Այսպես էլ ավելի կքչանան, որը մեզ ձեռնտու չէ»։ «Զինվորներն ավելի ծանրաբեռնված են լինելու, դա նաև կբերի ուշադրության պակասի»։

Կան նաև փոփոխությունը ողջունող քաղաքացիներ` «ինչքան քիչ, այնքան լավ», «ծնողները քիչ կսպասեն, երեխաները շուտ կվերադառնան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder