Սերգեյ Մելքոնյան. Թուրքիայում այլ նպատակներ ունեն
Քաղաքական
15:23 13/09/2025
Հայաստան

Սերգեյ Մելքոնյան. Թուրքիայում այլ նպատակներ ունեն

Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ոչ թե նվազեցրել է, այլ հետաձգել է էսկալացիան։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից անընդհատ թմբկահարվող խաղաղության վերաբերյալ հարցին։

«Ամեն ինչ պարզ է, բոլորն ամեն ինչ հասկանում են, մենք դա տեսնում ենք նաև հարցումների արդյունքներից։ Դրանց համաձայն Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է, որ խաղաղության որևէ համաձայնագիր չի ստորագրվել, խաղաղություն չի հաստատվել։ Կան շատ կոնկրետ փուլեր, թե ինչպես է հաստատվում խաղաղությունը. պայմանագիրը ստորագրվում է, վավերացվում է, հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, կոմունիկացիաները ապաշրջապափկվում են, մեր դեպքում գերիներ չպետք է ունենանք Բաքվում, հայատյաց հռետորաբանությունը զրոյանում է, դպրոցում լրիվ ուրիշ գրքեր են արդեն ուսումնասիրում։ Բայց մենք տեսնում ենք, որ կոնֆլիկիտ հիմքը ոչ միայն կա, այլև աճում է  այլ ուղղությամբ։ Հետևաբար ես  համաձայն չեմ, որ այստեղ խաղաղություն ենք հաստատել։ Երբ խոսում ենք համաձայնագրի նախաստորագրման մասին, դա հետաձգում է էսկալացիան։ Ոչ թե նվազեցնում, այլ հետաձգում»,-ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, էսկալացիայի հետաձգված 1-2 տարին հայկական կողմը պետք է օգտագործի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված ռազմական խիստ անհավասարությունը փոքր ինչ մեղմելու համար։

«Ինձ մոտ հարց է  առաջանում, եթե մենք ինչ-որ բաներ զիջեցինք, ստացանք այդ հետաձգումը, որպեսզի վերականգնվենք, ինչո՞ւ ենք հայտարարում, որ ռազմական բյուջեն չի ավելանալու, ինչո՞ւ ենք հայտարարում, որ զինծառայությունը 24 ամսից դառնալու է 18 ամիս, հակառակը այս 1-2 տարին մենք պետք է արդյունավետ օգտագործենք, որպեսզի ուժային բալանսի խախտված վիճակը ինչ-որ կերպ փոխվի»,-նշեց վերլուծաբանը։

Ս. Մելքոնյանի խոսքով, Հայաստանի իշխանությունների կողմից  Վաշինգտոնում փաստաթղթի նախաստորագրումը ներքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակ ուներ։

«Այս նախաստորագրումը պետք է ճանապարհ բացեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար։ Բայց սա շատ դժվար հարց է։ Եթե մենք թուրքական կողմից տեսնեինք Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու քաղաքական կամք, ապա դա կանեին վաղուց, այն պահին, երբ Ալիևը հայտարարեց, որ արցախյան կոնֆլիկտն ավարտված է։ Թուրքիայի կողմից նախապայմանը դա էր, երբ հակամարտությունն ավարտվի, մենք կբացենք սահմանը։ Հիշեցնեմ, որ նրանք փակեցին սահմանը 1993-ի ապրիլին, երբ մենք մտանք Քարվաճառ, իսկ 2020-ի նոյեմբերի 25-ից մենք Քարվաճառում չենք, չբացեցին Արցախի հայաթափումից հետո, հետևաբար այնտեղ այլ նպատակներ կան»,-ընդգծեց Մելքոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder