«Թրամփի ուղու» գաղափարներից մեկը «Մեծ Թուրանի» ճանապարհն է. Օհանյան
Քաղաքական
12:43 15/09/2025
Հայաստան

«Թրամփի ուղու» գաղափարներից մեկը «Մեծ Թուրանի» ճանապարհն է. Օհանյան

«Հայաստանի կողմից բանակցողները գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո, չեն կարողանում լիարժեք ներկայացնել մեր շահերը։ Դժվար իրավիճակ է ստեղծված։ Նման իրավիճակում եզրակացությունը մեկն է՝ մեր ժողովուրդը պետք է փոփոխի բանակցողներին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։  

Նա նշեց, որ ցանկացած նոր ուժի առաջնահերթ խնդիրներից պետք է լինի իրական, ազգային երաշխիքների ձևավորումը՝ բանակ, ներքին ամրություն. «Այնուհետև, եթե ներքին ամրությունը կա, ապա մեր շահերից բխող վերաբանակցություններ։ Պետք է կետ առ կետ անցնել բոլոր պայմանավորվածություններով։

Մենք տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն, հակառակորդի կողմից հնչում են խոսքեր, որոնք հակասում են այն փաստաթղթերին, որոնք գոյություն ունեն»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ 

Նա նշեց, որ հայ-թուրքական բանակցություններում նախապայմանները շարունակվում են։ Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերություններում ակտիվությունը պայմանավորված է  Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթեի հետ։ 

«Անխոչընդոտ ճանապարհը և «Թրամփի ուղու» գաղափարներից մեկը «Մեծ Թուրանի» ճանապարհն է, որը բոլոր թուրքախոս ժողովուրդների համար ռազմավարական նպատակ ունի»,- ասաց Ս.Օհանյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder