Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան օրեցօր զարգանում է՝ հատկապես բազմաբնակարանների շինթույլտվություններում. Չախոյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին ասուլիսում ԶԼՄ-ներին մեղադրեց ծախված լինելու մեջ, քանի որ իր նոր գնած գույքերը կապում են քաղաքապետարանում և ԱՆԻՖ-ում եղած կոռուպցիայի հետ։ Նա հայտարարեց, թե անձամբ պայքարում է կոռուպցիայի դեմ և քաղաքապետարանի ենթակայության կառույցների 30 հազար աշխատողներն իր զավակները չեն։
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տրամագծորեն հակառակ կարծիքին է և այդ հարցում իր հիմնավորումներով կիսվեց Panorama.am-ի հետ։
«Տիգրան Ավինյանի վերջին ասուլիսի նպատակը հանրությանը հնարավորինս մանիպուլյացնելն էր, թե իբր ինքը կոռուպցիոն գործարքների հետ կապ չունի, այսպես ասած՝ չկոռոմպացված պաշտոնյան է, բայց իրականությունում մենք տեսնում ենք , որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան օրեցօր զարգանում է։
Մասնավորապես՝ ապօրինի, շիննորմերի խախտումով բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվություններ են տրամադրվում։ Այդտեղից էլ հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը քաղշիննորմերի խախտումով շինթույլտվություններ է տալիս։
Ամենահայտնի օրինակը բերեմ՝ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում «ԷկոԲիլդինգ» ընկերությանը տրված շինթույլտվությունը, որի տնօրենը հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Այսինքն այս իշխանության կցորդ, օրվա կուսով վաճառված քաղաքական ուժի ներկայացուցչին տվել են շինարարության թույլտվություն, բայց ըստ նախագծի այն իրականությանը չի համապատասխանում, քանի որ շինթույլտվություն տրամադրելու համար, հարակից շինությունը հատակագծի վրա ֆոտոշոփով տեղափոխել են։ Իրականում հարակից շենքն իր տեղում է գտնվում և քաղշիննորմերով չի թուլատրվում այդտեղ շենք կառուցել, այն խախտում է և չի համապատասխանում նախագծին։ Իսկ Երևանի քաղաքապետարանն այդ շինթույլտվությունը տրամադրել է և ոչ մի պատշաճ իրավական գործընթաց չի ձեռնարկում այդ շինթույլտվությունը կասեցնելու և գործին իրավական ընթացք տալու համար։
Այստեղ հարց է առաջանում, եթե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն ունի, այսպես ասած, արդարության հետևից գնալու բոլոր այդ լծակները, ինչո՞ւ նման ապօրինի, խախտումներով շինթույլտվությունների կասեցման և գործին իրավական ընթաց տալու հետևից չի գնում, չէ, որ այդ բոլոր ապօրինիությունները հանրայնացված են, բոլորի համար տեսանելի, բայց իրենք չտեսնելու են տալիս։
Հենց սա է հանդիսանում հովանավորչությունը, հակառակ դեպքում եթե Տիգրան Ավինյանը լիներ արդար և վարչարարության հետևից գնացող բարձրաստիճան պաշտոնյա՝ այս դեպքում Երևանի քաղաքապետ, ապա նա այս ամենին ընթացք կտար, բայց չի տալիս։
Բերեմ մեկ այլ օրինակ՝ Կրկեսի հարևանությամբ «Ռենկո» ընկերության կողմից բազմաբնակարան շենքեի կառուցման դեպքը, երբ ընկերությունը շինթույլտվություն չէր ստացել, բայց շինարարական աշխատանքները սկսել էր։ Այդտեղից էլ հարց է առաջանում, թե այդ ընկերությանը որտեղից այդքան վստահություն, որ շինթույլտվություն էր ստանալու և շինարարական աշխատանքները սկսել էր, իսկ Երևանի քաղաքապետարանը ոչ մի միջոց չի ձեռնարկել։
Այսինքը, կառուցապատողը պետք է շինթույլտվություն ստանար, նոր սկսեր շինարարական աշխատանքները, բայց առանց թույլտվություն ստանալու շինարարությունը սկսել էր։ Այդտեղից էլ արդեն վստահաբար կարծիք է առաջանում, որ Երևանի քաղաքապետարանը հաստատ ներքի կոռուպցիան պայմանավորվածություններ է ձեռք բերում շինարարների հետ։ Իսկ մենք բոլորս գիտենք և հասկանում ենք, որ կոռուպցիոն ամենամեծ գումարները հենց բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվությունների գործընթացում են։
Նաև կցանկանամ նշել մեկ այլ՝ ամենախայտառակ կոռուպցիոն մի դրվագ, որը վերաբերում է անմիջապես իմ տան հարևանությամբ այգու տարածքում բազմաբնակարան շենքերի կառուցմանը։ Ըստ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, խաղահրապարակի այդ տարածքը հանդիսանում է օտարման ոչ ենթակա հող։ Այդ հողերն ապօրինի օտարելեն և ցանկանում են այնտեղ շինթույլտվություն տրամադրել կառուցապատման համար, այն դեպքում, երբ նախորդ 3 ավագանու նիստերում այդ նախագիծը մերժում է ստացել, չեն տրամադրել թույլտվությունը։ Հենց Երևանի քաղաքապետարանի նախագիծն է եղել մերժումը, բայց նորից, այդ ամենից հետո սեպտեմբերի 9-ին իմ կողմից Երևանի քաղաքապետարանի դիմաց ավագանուն իստի ժամանակ կազմակերպած ակցիայի ժամանակ չզեկուցվող նախագծերի փաթեթում ներառելէին այդ որոշումը, որ դրական եզրակացություն տային այդ շինթույլտվության ընթացակարգին։
Այդտեղից էլ հարց է առաջանում, որ եթե ամեն ինչ արդար է ու կոռումպացված չէ, ապա ինչպես է ստացվում որ 3 անգամ մերժում են և դրանից հետո ացանկանում են, որպեսզի շինթույլտվություն տան խաղահրապարակի տեղում։
Ակնհայտ է, որ մի դեպքում Երևանի քաղաքապետարանն ավտոտնակներ է ապամոնտաժում և այնտեղ խաղահրապարակներ է կառուցում՝ հայտարարելով, թե հանրային շահն են հետապնդում, բայց հակառակ դեպքում էլ տեսնում ենք, որ այնտեղ որտեղ իրենց անձնական շահը գերադասելի է հանրային շահին, խաղահրապարակը ցանկանում են հեռացնել և այնտեղ բազմաբնակարան շենք կառուցել և այդ ամենն ունի կոռուպցիոն դրվագ, անհերքելի է ուղղակի»,-հայտարարեց Արթուր Չախոյանը։