Վրաստանը պատասխան է պահանջելու Ուկրաինայից իր ոչ բարեկամական գործողությունների համար
Քաղաքական
17:30 17/09/2025
Հայաստան

Վրաստանը պատասխան է պահանջելու Ուկրաինայից իր ոչ բարեկամական գործողությունների համար

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ռազմական հակամարտության ավարտից հետո պատասխան կպահանջեն Ուկրաինայի ղեկավարությունից՝ ձեռնարկված ոչ բարեկամական գործողությունների համար։

Ավելի վաղ իրավապահ մարմինները Վրաստանում ձերբակալել էին երկու ուկրաինացու՝ Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջոցով բեռնատարով 2.4 կգ հեքսոգեն պայթուցիկ նյութ ներմուծելու համար։ Քննիչների տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները պայթուցիկ նյութը հանձնել են վարորդին Ուկրաինայում։ Իր ցուցմունքում բեռնատարի վարորդը նշել է, որ պայթուցիկ նյութը նախատեսված էր Ռուսաստան մատակարարելու համար, սակայն վրացական հետախուզական ծառայությունները պնդում են, որ դա հաստատող ապացույցներ չկան։ Քննիչների տվյալներով՝ հեքսոգեն նյութը նախատեսված էր Թբիլիսիի Հավլաբարի շրջան մատակարարելու համար։ Պայթուցիկ նյութի ներմուծման հետագա նպատակը դեռևս անհայտ է։

«Կգա ժամանակը, այս պատերազմը կավարտվի, և, իհարկե, մենք պատասխաններ կպահանջենք Ուկրաինայի ղեկավարությունից այն մասին, թե ինչ են նրանք արել։ Արդյո՞ք սա է նրանց եղբայրության և բարեկամության ըմբռնումը՝ Թբիլիսի բերել 2.5 կգ պայթուցիկ նյութ, որով կարող էին պայթեցնել ամբողջ մի թաղամաս»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, Ուկրաինայի իշխանությունները զոհաբերում են Վրաստանին, վրացի կանանց և երեխաներին՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, որպեսզի «Զելենսկին կարողանա հասնել Ռուսաստանի հետ կապված իր ռազմական նպատակներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder