«Ժողովուրդ». Ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև Ստյոպա Սաֆարյանը
Օրվա մամուլ
08:43 18/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև Ստյոպա Սաֆարյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ եվրոպական ուղղվածությամբ ուժերը արդեն սկսել են դիրքավորվել և վերադիրքավորվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գյումրիում կրած աղմկոտ պարտությունը, երբ «Եվրադաշինքը» երեք կուսակցությունների միասնական մասնակցությամբ չկարողացավ հաղթահարել շեմը և ավագանու կազմում մնաց առանց մանդատի, նոր վերադասավորումների դուռ է բացել։

Նոր դերակատարների առաջին շարքում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու Գարեգին Միսկարյանը, ովքեր արդեն հրապարակային կերպով հայտարարել են քաղաքականություն մտնելու մասին։ Նրանց քայլը դիտարկվում է որպես եվրոպական թևի թարմ ուժի հայտ։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև հանրային կյանքում հայտնի ևս մեկ գործիչ։ Խոսքը Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի մասին է։ Ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ ասելով. «Նման զրույցներ ու քննարկումներ մեր մեծ թիմի (որի մեջ մտնում են թե՛ ինստիտուտի իմ ընկերները, թե՛ բարեկամները, գործընկերներն ու աջակիցները) ներսում արդեն 4 և ավելի տարի է առկա են։ Ավելի ստույգ՝ հենց նույն 2021 թվականի արտախորհրդարանական ընտրություններից հետո։ Ո՛չ կարող ենք բացառել նման նախաձեռնությամբ հանդես գալը, ո՛չ հաստատել, քանի դեռ վերջնական որոշում չկա։ Այս թեմայով որևէ նորություն լինելու դեպքում, անշուշտ, հանրությունը կտեղեկացվի։ Այս պահին այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չեն կարող տրվել»։

Այսպիսով՝ ընտրություններից դեռ ավելի քան մեկուկես տարի առաջ արդեն նկատելի է, որ եվրոպական, Արևմտյան ուղղվածությամբ ուժերի դաշտը ձևավորվում է նոր դեմքերով ու նոր հավակնություններով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև Ստյոպա Սաֆարյանը