Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել. Փաշինյան
Քաղաքական
10:39 20/09/2025
Հայաստան

Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունն իր պատմության բոլորին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,-ելույթ ունենալով ՔՊ 7-րդ համաժողովում՝ ասաց ՔՊ նախագահ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այդ խաղաղությունը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ու աջակցությամբ իր ու Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հռչակագրով։

«Բայց հարկ եմ համարում նշել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը։ Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Սա խաղաղություն է»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ իրենց նպատակը շատ պարզ է, այնպես անել, որ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս,  3 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ։

Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»։

Գրառմանը հետևեցին 2020-ի 44 օրյա պատերազմը, 2022-ի, 2023-ի պատերազմները, որոնց հետևանքով  հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորները հաշմանդամություն ձեռք բերեցին, տասնյակները գերեվարվեցին, անհետ կորան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder