Ո՞նց կարող էր նման մարդը դուշման ունենալ, բարի մարդ էր. Փարաքարում սգում են Վալոդյա Գրիգորյանի մահը
Քաղաքական
17:25 25/09/2025
Հայաստան

Ո՞նց կարող էր նման մարդը դուշման ունենալ, բարի մարդ էր. Փարաքարում սգում են Վալոդյա Գրիգորյանի մահը

Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում ու դրա հարակից տարածքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ մասնակցելու երեկ կեսգիշերին մոտ կրակոցների հետևանքքով կյանքից զրկված համայքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։ Սգում են թե կանայք, թե տղամարդիկ։

«Ինչքան վատ բաներ են կատարվում շուրջս։ Սա արհավիրք է։ Այս ինչ է կատարվում։ Իմ ընտիր աշակերտն էր։ Խելացի, բանիմաց, կիրթ մարդ էր, համեստ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Գրիգորյանին 4-10-րդ դասարաններում մաթեմատիկա դասավանդած Շողիկ Գևորգյանը։

Մշակույթի պալատում շախմատի խմբակի ուսուցիչն ասաց՝ ընտրություններին Վոլոդյա Գրիգորյանին չի ընտրել, սակայն նրա մասին որևէ վատ բան չի լսել, նրանից որևէ վատ բան չի տեսել։

«Նա սպորտը, կրթությունը գնահատող մարդ էր։ ԴԻմեցի նրան սենյակի, գույքի հարցով։ Առանց խոսք տալու, կատարեց իմ խնդրանքները մի շաբաթ հետո։ Ես իրեն չեմ էլ ընտրել, ցավ եմ ապրում, որ այս մարդը համայնքի համար գործ էր անում։ Մանկապարտեզն էր անվճար դարձրել, եթե չեմ սխալվում, իր աշխատավարձից էր հրաժարվել»,-ասաց շախմատի ուսուցիչը։

Նա կարծում է, որ նման մարդը չէր կարող թշնամի ունենալ։

«Ո՞նց կարող էր նման մարդը դոըշման ունենալ։ Բարի մարդ էր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը սպանվեցին անցած կեսգիշերին մոտ Վ. Գրիգորյանի տան բակում։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վնասվածքներ է ստացել։ Մինչ այս պահը հանցագործին իրավապահները չեն գտել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder