«Դիլիջանյան օրեր». մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը
Մշակույթ
13:39 25/09/2025
Հայաստան

«Դիլիջանյան օրեր». մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով։ Միջոցառումների սկիզբը՝ ժամը 18:00: Մուտքն ազատ է:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի շրջանակում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Վանաձորի կամերային նվագախումբը, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը: Փառատոնին կմասնակցեն մենակատարներ Վաչե Հովեյանը (ալտ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):

Փառատոնի շրջանակում կհնչեն կատարումներ նվիրված ճանաչված կոմպոզիտորների հոբելյաններին՝ Ալեքսանդր Աճեմյան (100-ամյակ), Ալեքսանդր Հարությունյան (105-ամյակ), Ղազարոս Սարյան (105-ամյակ), Գևորգ Արմենյան (105-ամյակ), Էդգար Հովհաննիսյան (95-ամյակ), Խաչատուր Մարտիրոսյան (80-ամյակ), Արմենուհի Կարապետյան (60-ամյակ), Վարդ Մանուկյան (70-ամյակ):

Փառատոնի ընթացքում կհնչեն նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, Դավիթ Հալաջյանի, Նարինե Զարիֆյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Կարեն Անանյանի, Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 27-ին Կոմպոզիտորների ստեղծագործական տանը ՀԿՄ առաջատար կոմպոզիտորների մասնակցությամբ կանցկացվի վարպետության դաս-դասախոսություն՝ Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների աշակերտների համար: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայությունը հաստատելով հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Դիլիջանյան օրեր». մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը