Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆԻՖ նախկին տնօրենի դեմ քրեական վարույթ նախաձեռնելիս գործել են կիսատ-պռատ. Հակոբ Ենոքյան
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ իրավաչափ է, ապօրինի, իսկ առաջադրված մեղադրանքն անհիմն։ Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Փափազյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ, որը 2019-2024 թվականներին զբաղեցրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ Փափազյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Դավիթ Փափազյանից բացի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը։
Փաստաբանն ասաց՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲ ընկերության կողմից բոլոր ծախսերը կատարվել են ընկերության խորհրդի որոշումների հիման վրա։
«Տնօրենին որ մեղադրում են, անհիմն է, քանի որ տնօրենը ոչինչ անել չէր կարող, քան կատարել խորհրդի որոշումները։ Խորհրդում ներգրավված է եղել և Դավիթ Փափազյանը, և ազգությամբ ևս մեկ հայ, չեմ ուզում անունը տալ, քանի որ քրեական վարույթով նրա նկատմամբ որևէ գործողություն չկա»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ մյուս անդամներն արտասահմանցիներ են։
Բանախոսի համոզմամբ, իրավապահները գործել են կիսատ-պռատ, նման մեղադրանք առաջադրելու առնվազն պետք է ունենային Դավիթ Փափազյանի ֆինանսական, բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ կապված այն ընկերության հետ, որտեղ վերջնական արդյունքում գումարներն ուղղվել են։
Հակոբ Ենոքյանի խոսքով, Դավիթ Փափազյանն ԱՆԻՖ-ից ստացել է նվազագույն աշխատավարձ՝ մոտ 67 հազար դրամ, նրա աշխատավարձը պետք է բարձրանար հիմնադրամի ծրագրերի նորմալ իրականացման դեպքում։
«Այսինքն, նրա շահը եղել է ԱՆԻՖ-ը ոտքի կանգնեցնելը։ Բացի բարի նպատակներից, ոչ մի ուրիշ նպատակ չի հետապնդել՝ լինելով ոլորտի մասնագետ, գաղափարակից այդ ամենին։ Ես ասում եմ, որ այս քրեական վարույթի հարուցումն ապօրինի է ու անհիմն։ Այն պրոցեսները, որ կատարվում են պարոն Փափազյանի նկատմամբ ուղղորդված կամ հարկադրված են»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։