Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փողի համն առնում են, էլ ոչ մի բանի մասին չեն մտածում․Կասկադն ապականում են․ ճարտարապետ
Կասկադի տարածքում իրականացվում է կոմերցիոն, էժանագին նախագիծ, ապականում են հուշարձանն ու քաղաքը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ահազանգեց ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Կասկադի տարածքում այժմ իրականացվող շինարարությունը կապականի Երևանի գլխավոր խորհրդանիշը։
Նշենք, որ օրերս Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մեկնարկել են Կասկադի վերին` անավարտ մնացած հատվածի հիմքերի ապամոնտաժման աշխատանքները: Ըստ նախնական տեղեկությունների` բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարվա երկրորդ կեսին: Հիշեցնենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացված քվեարկության արդյունքներով հաղթող էր ճանաչվել «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը, որի հեղինակը ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն է:
«Կասկադն ընդգրկված է նորահայտ հուշարձանների ցանկում։ Այն աշխարհում բացառիկ կառույց է և նման օրինակը դժվար է գտնել 20-րդ դարի կառույցների մեջ։ Իր կերպարով, նշանակությամբ, Թամանյանի գաղափարները շարունակող, Արարատին նայող, ճառագայթը շեշտող, արևի, ջրի , կանաչի ողջ հայկական մոտիվներն ու ճարտապետությունը ցուցադրող կառույց է, որն ընդամենը պետք է ավարտին հասցնել՝ հեղինակների նախագծած տարբերակով։ Խորհրդային տարիներին Կասկադի նախագիծն անավարտ է մնացել, ընդամենը պետք էր գաղափարը շարունակել, այլ ոչ թե այն կոտրել։ Ամբողջ համալիրի գաղափարական կապը պետք է պահել։ Հիմա արվում է կոմերցիոն, էժանագին նախագիծ։ Հեղինակային նախագծով պետք է Կասկադի աստիճանները շարունակվեր մինչև վերին հատվածը, որը պետք է լիներ ներկայիս Կասկադի օրգանական, ներդաշնակ շարունակությունը։ Հիմա այնտեղ, ինչ-որ ֆրանսիացու նախագծով, իրականացնում են մի բարձրահարկ կառույցի շինարարություն՝ հորիզանական, անդեմ, ապակեպատ, կոմերցիոն տարածք»,- ասաց ճարտապետը՝ շարունակելով․ «Փողի համն առնում են, էլ ոչ մի բանի մասին չեն մտածում»։
Նրա խոսքով՝ իրականացվող նախագծի մասին մասնագիտական հանրությունը՝ ճարտարապետական խորհուրդը ներկայացրել է իր կարծիքը։ Բացի դրանից, մի խումբ գաղափարակից քաղաքացիներ իրականացրել են ստորագրահավաք, որին մասնակցել են մտավորականներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ,այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետներ։ Մոտ 200 ստորագրությամբ նամակն ուղղվել է Երևանի քաղաքապետարանին և այլ պատասխանատու կառույցներին, սակայն ստացված արձագանք-պատասխանը չի գոհացրել, առավել ևս՝ փարատել մտահոգությունները։ «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Կասկադն ազգային ճարտապետության փունջ է։
«Երբ ճարտարապետները նախագծել են Թամանյանի հատակագծի հյուսիսային ճառագայթը, նրանք մտածել են մեկ համակարգի մեջ ներառել հայ ազգային մշակույթի, հայ ճարտարապետության ողջ ընթացքը մի համալիրում՝ սկսած վիշապաքարերից, վերջացրած խաչքարերով։ Գաղափարական և հորինվածքային առումով Կասկադը միասնական ամբողջություն է կազմում Հայոց պետականության կոթողի հետ, որը Խորհրդային տարիներին գաղտնագրվել է բացառապես ազգային իմաստներով՝ իր կերպարում մարմնավորելով հայկական միացյալ պետության հիմնադիր արքա Արտաշես Աշխարհակալի սահմանաքարերը և ուրարտական աշտարակների հաղթական ավարտը՝ կենաց ծառի խորհուրդը կրող սոսու ոճավորված պատկերով։ Այս ողջ համալիրը նայում է Արարատ լեռանը, որը հազարամյակներով եղել է մեր խորհրդանիշը։ Այն ճարտապետությունը, որն այս պահին պատրաստվում են իրականացնել, հակասում է ոչ միայն մեր ազգային գաղափարախոսությանը, սրբազան լեռանն ուղղված պաշտամունքին, այլև որպես ճարտապետական համալիր աղճատելու, խեղելու է համալիրի կառուցվածքն ու կապը՝ 50-ամյակի պետականության հուշարձանի համալիրի հետ։ Իմ մտավախությունը սա է»,- ասաց Փանոսյանը։
Կարինե Փանոսյանն այս ամենում միտում է տեսնում։ «Իհարկե միտում տեսնում եմ։ Չմոռանանք, որ մեր երկրի գլխավոր պաշտոն զբաղեցնողը մեզ կտրում է Արարատից՝ ամեն հնարավոր եղանակով։ Արարատը փորձում է մեր մտքերից կտրել, վերացնել։ Հիմա Կասկադի տարածքում իրականացվող կոմերցիոն այդ շինարարությունը վերջ է դնելու Երևանի քաղաքի քաղաքաշինական պահպանված վերջին կտորին»,- հավելեց Փանոսյանը։
Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը նույնպես մտավախություն ունի, որ մշակութային ժառանգության ավերման հետևում կա միտում։
«Շատ ավելի խորը միտում եմ տեսնում, քան ավերելն է։ Երբ Երևանում 120 հազար բնակչության քանակով բարձրահարկերի շինթույլտվություններ եղան, այդ ժամանակ ես բարձրաձայնեցի, որ Արցախի բնակչության թվին մոտ կառուցապատում է իրականացվում։ Մեկ տարի անց Արցախն ամբողջությամբ դատարկվեց։ Դրանից հետո՝ հիմա, եռապատկվել է թիվը։ Եթե նկատեք՝ Ալիևի ներկայացրած ծրագիրը, որով ադրբեջանցիներին նախնական գրանցելու է այստեղ, այդ քանակով խտացում է տեղի ունենում։ Եվ այս ամենը տեղի է ունենալու մարզերի հաշվին։ Մարզերից գալու են քաղաք, դատարկվելու են մարզերը, իսկ թուրքերը գնալու են մարզեր, քանի որ նրանց համար առաջնային է հողն ու ջուրը։ Մարզերից կլցնեն քաղաքի մեջ, մի փոքր քաղաք-պետություն կսարքեն, մնացածն էլ կհանձնեն թշնամուն։ Ցավով եմ նշում, բայց այս միտումն եմ տեսնում ես»,- ասաց մեր զրուցակիցը։
Ճարտարապետի գնահատմամբ՝ տարիներ շարունակ ապականվել է մայրաքաղաքի ճարտապետությունը։
«Հատկապես, վերջին մի քանի տարիներին, ինչպես քաղաքապետն իր խոսքում ասաց, իրականացվել է նախորդ 15 տարիների չափ շինարարություն։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ է նշանակում գերխտացնել քաղաքը հինգ անգամ ավելի, քան մինչ այդ իրականացվել է։ Դա նշանակում է կոլապսի ենթարկել Հայաստանը, ամբողջ հայությանը կենտրոնացնել այնտեղ՝ ստեղծելով քաղաք-պետություն»,- ընդգծեց Ստեփանյանն ու կոչով դիմեց հանրությանը․
«Կոչ եմ անում՝ այս ծանր իրավիճակում հնարավորինս ուշիմ լինել, սպառողական աշխարհի բեռան տակ կքած չմնալ ու կարողանալ ինչ-որ ձև այս ծանր իրավիճակից դուրս գալ։ Պետք է կարողանանք միավորվել՝ նորմալ, ազգային, ազգի համար մտահոգ իշխանություն ստեղծելու շուրջ»։