Վաղարշապատում ընտրությունները վեր են տեղական նշանակությունից. Խաչիկ Մանուկյան
Քաղաքական
20:53 28/09/2025
Հայաստան

Վաղարշապատում ընտրությունները վեր են տեղական նշանակությունից. Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության կողմից թեկնածու առաջադրված հրապարակախոս, գրող, 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը տեսաուղերձով դիմել է ընտրողներին։

«Կարծում եմ՝ շատերդ եք գիտակցել, որ այս ընտրությունները վեր են տեղական բնույթից։ Ողջ հայության հայացքն ուղղված է լինելու Վաղարշապատ համայնքին։ Ողջ հայությունն ուզում է հասկանալ, արդոք մենք տեր կկանգնե՞նք այն արժեքներին, որը դարեդար հային հայ է պահել, որը հաջորդաբար եկել է սերնդեսերունդ ու հասել է մեզ։ Հայկ Նահապետից մինչև մեր օրերը մենք կերտել ենք զորավոր մշակույթ, և այդ մշակույթն ուժ ու զորություն է տվել  մեր ինքնությունը պահպանելու։

Ես ընտրություններին մասնակցում եմ «Հայրենիք» կուսակցության հետ միասին։ Վստահ եմ, որ սա լինելու է այն փորձությունը, որտեղ գրանցելու ենք  իրական հաղթություն։ Սա նաև ձեր փորձությունն է։ Դուք եք մղվում դեպի հաղթանակը, այն հաղթանակը, որը պետություն է զորացնելու, որը համայնք է զորացնելու, հնարավորություն է տալու վեր հանել հային հայ պահող արժեքները»,-մասնավորապես նշել է նա տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում ավագանու ընտրություններ են նշանակված նոյեմբերի 16-ին։  Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ը ներառյալ։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder