5 տարի տեղեկություն չունեմ իմ երեխու մասին, ինձ նման՝ 190 հոգի. ՊՆ դիմաց անհետ կորածի հարազատի ինքնազգացողությունը վատացավ
Հասարակություն
15:18 29/09/2025
Հայաստան

5 տարի տեղեկություն չունեմ իմ երեխու մասին, ինձ նման՝ 190 հոգի. ՊՆ դիմաց անհետ կորածի հարազատի ինքնազգացողությունը վատացավ

«Սպասում ենք ողջամտություն կունենան, գոնե իրենց տված խոստումին տեր կկանգնեն։ Իրենք երաշխավորել են, որ այսօր մեր ուզած մարդկանց հետ հանդիպելու ենք։ Գոնե այս մի անգամ պահեն իրենց խոստումը»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, ով անհետ կորած զինծառայողների ծնողների հետ  ՊՆ դիմաց ակցիա է անում։ 

Հարազատները պահանջել էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, սակայն, ըստ ծնողների, ՊՆ-ից հայտնել են, որ երեք հոգու կընդունի պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը։

Ղուկասյանն ասաց, որ իրենք շատ ասելիք ունենք ԳՇ պետին, իսկ Արմեն Սարգսյանի հետ շատ են հանդիպել, խոսել։

«Ասում էի՝ գեներալ Առուստամյան Կարենը հանցագործ է, 9-րդ ՊՇ-ի հրամանատարն էր։ Ես ասացի, ես լսեցի։ Վարդանյան Կամոյի մտերիմն է, բազմաթիվ անգամ է մտել այս շենք։ Հիմա հետախուզման մեջ է։ Այն ժամանակ որ չէր փախել, ինչո՞ւ չէիք բռնել։ Ինչո՞ւ թողեցիք, որ փախնի։ Կարո՞ղ եմ մտածել, որ  Վարդանյան Կամոն է իրեն օժանդակել, ունե՞մ այդ իրավունքը։

Գեներալ-մայոր Առուստամյան Կարենը  տարավ, այդքան երեխու գլուխ կերավ, ինչո՞ւ չբռնեցին»,- ասաց նա։

Ա. Ղուկասյանն ընդգծեց, որ իրենց երեխաների ճակատագրով որևէ մեկը չի զբաղվում. «Մեր երեխաների  ճակատագրով վերջը էս երկիրը պե՞տք է զբացվի, թե՞ ոչ։ Ոնց նայում ենք, զբաղվող չկա։

Ինձ համար կարևորը իմ երեխու ճակատագիրն է, որի վերաբերյալ 5  տարի տեղեկություն չունեմ։ Ինձ նման 190 հոգի»,-ասաց Ա. Ղուկասյանը, ում ինքնազգացողությունը վատացել էր ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ քաշքշոցից հետո։  ՊՆ վարչական շենքի մոտ  շտապօգնություն էր կանչվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder