Գտնում եմ, որ իմ դեմ գրոհը հիմնականում և առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել. Հայկ Սարգսյան
Քաղաքական
12:48 30/09/2025
Հայաստան

Գտնում եմ, որ իմ դեմ գրոհը հիմնականում և առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել. Հայկ Սարգսյան

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է  ՔՊ կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսում էր  երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ վարույթը չի խանգարել և օրենքն ընդունվել է։

«Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է  հենց մարտի 4-ին, ոչ թե այլ օր։  Մարտի 4-ին պետք է քննարկվեր իմ կողմից շրջանառության մեջ դրած նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դա նշանակում է, որ հարցը քննարկելուց հետո անմիջապես քվեարկվում է։ Այդ դեպքում բացառություն էր, հարցը չդրվեց քվեարկության, դրվեց հաջորդ օրը՝ մարտի 5-ին»,- մանրամասնեց Հ.Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ հարցի քննարկումից հետո ապրիլին դիմել է Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով,  հարցը չի քննարկվել մինչև սեպտեմբեր։

«Կուսակցության  հայտարարության մեջ նշվում է, որ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել  իր դիմած դիմումի քննության համար։ Այդպես չէ։ Ես խնդրել եմ մեր կուսակցությունն այդ մասը խմբագրի, քանի որ ինձ ոչ մեկը չի հրավիրել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցին՝ հնարավո՞ր  է Ալեն Սիմոնյանին հաջողվի իրեն հեռացնել կուսակցությունից, նա ասաց. «Չեմ ցանկանում այդ հարցին անդրադառնալ, անհեթեթություն է, չեմ պատկերացնում նման բան»։

Հարցին՝ Ալեն Սիմոնյանի և «Վիվառո»-ի սեփականատիրոջ միջև կապ տեսնո՞ւմ է, կարծո՞ւմ է՝ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա, նա ասաց. «Չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին։ Դուք լրագրող եք, կարող եք այդ հարցի պատասխանը գտնել»։ 

Հայկ Սարգսյանը նշեց, որ սկսած 2019 թվականին, երբ ընտրվել է  ԱԺ պատգամավոր, այն ժամանակ աշխատել է  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, իր գործունեությամբ խանգարել է մի շարք գործունեության տեսակների. «Առաջին հերթին խաղային ոլորտն է, որը համարում եմ չարիք։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո թիրախավորվել եմ։ Գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում և առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել»։

Նա նշեց, որ իրեն շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցի  բիզնեսի հետ կապից, մինչև տարբեր սպանություններ կամ ինքնասպանություններ։

Հայկ Սարգսյանի խոսքով, իրեն փորձում են կապել նման երևույթների հետ, որպեսզի փորձեն վարկաբեկել, արատավորել իրեն, որպեսզի իր օրենսդրական գործունեության մեջ լինի կաշկանդված, չկարողանա իր օրենքների նախագծերն արդյունավետ առաջ տանել։

Ինչ վերաբերում է Փարաքարի համայնքապետի սպանությանը, նա ասաց. «Բնաանաբար, ես որևէ կապ չունեմ։ Դեռևս փետրվարին, Մերձավանի դեպքերից հետո, ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում։

Ես քրեական մշակույթից հեռու եմ, քրեական ենթամշակույթի դեմ պարբերաբար հարցումներ եմ կատարում, հարցեր բարձրացնում, որպեսզի մեր երկրում արմատախիլ արվի։

Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։

Բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, չի նշանակում՝ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։

Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տարիներ առաջ է արված։ Չեմ հիշում, թե երբ եմ տեսել վերջին անգամ։ Հավանաբար 2 տարի առաջ։ Անգամ իր համարը չունեմ։ Փողոցային պայքարից եմ  ճանաչում իրեն»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder