Անձի փոփոխությամբ՝ որակական փոփոխություններ լինելու են բանակցություններում. Սիրանուշ Սահակյան
Իրավունք
15:52 01/10/2025
ԼՂՀ

Անձի փոփոխությամբ՝ որակական փոփոխություններ լինելու են բանակցություններում. Սիրանուշ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ընթացքում բանախոսներ Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Աննա Մելիքյանը իրենց ներածական խոսքերում արձանագրեցին, որ հայ գերիների հարցում հայկական կողմը զիջում է միջազգային իրավունքի հարթակներում իր բարենպաստ դիրքերը, իսկ քաղաքական բանակցություններում հարցն ընդհանրապես օրակարգ չի բերում։

 Panorama.am-ը հարց ուղղեց, թե ՀՀ գործող իշխանությունների նման վարքը միտումնավո՞ր, կանխամտածվա՞ծ է, թե անբավարար հմտությունների ու կարողությունների խնդիր է, և արդյոք բանակցությունը վարողի փոփոխությունը իրավիճակը կշտկի։

«Ոչ բարենպաստ բանակցային դիրքը հանգեցնում է նրան, որ դու անընդհատ պետք է գնաս զիջումների, խնդիրն այն է, որ այդ հիմքերը փոքր ինչ ավելի արագ են զիջվում, քան հնարավոր է՝ առանց ինչ-որ բան դրա դիմաց ստանալու»,-ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Աննա Մելիքյանը։

Նա որպես օրինակ բերեց վաշինգտոնյան հանդիպումը, որը բարենպաստ առիթ էր նաև գերիների հարցով լուծում ստանալու համար, բայց այն չի արծարծվել, ինչը համարեց բաց թողնված հնարավորություն։

«Քանի որ ՀՀ կառավարությունը ստորգրված պայմանագրի շրջանակներում հանձն է առել ոչ միայն հետ քաշել միջպետական գանգատներն, այլև զերծ մնալ նոր վեճեր բերելուց, նաև՝ երրորդ անձանց միջոցով, այսինքը բոլոր ուղիները փակվում են դրանով,  բայց դեռ հնարավորություններ կան հարթակներն օգտագործելու՝ նաև Ստրասբուրգում։

Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քարտուղարը և մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը բազմիցս իրենց գրավոր և բանավոր ելույթներում նշել են, թե արդադրադատության իրավունքն ինչումն է։ Թեկուզ Ուկրաինայի պարագայում, ասել են, որ չի կարող լինել համարժեք և երկարատև խաղաղություն, եթե չկա արդարադտություն և պատերազմական հանցագործությունները չեն հասցեագրվել։ Նման հայտարարություններ մենք երբևե չենք լսել մեր կոնֆլիկտի շրջանակներում և ես այն վերագրում եմ Հայաստանի կառավարության ոչ պատշաճ պահանջատիրությանը»,-ասաց Աննա Մելիքյանը։

Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ պատասխանեց.

«Կախված ինչ որակների է տիրապետում բանակցողը, բնականաբար. նրա փոփոխությունից որակական փոփոխություններ լինելու են բանակցային գործընթացում։ Անհատի դերը խիստ կարևոր է անգամ միջպետական հարաբերություններում։ Մենք տեսնում ենք, թե մեկ անձի փոփոխությունն ինչպես կարող է ամբողջ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հանգեցնել։ Ուստի ցանկացած անձի փոփոխություն անձով պայմանավորված համապատասխան փոփոխությունների է բերում։

Ես ունեմ անձնական, խորքային համոզմունք, որ Հայաստանի իշխանությունները չունեն ազատ կամարտահայտություն։ Պատերազմը, հետպատերազմայն զարգացումները և բանակցային թույլ դիրքը էապես սահմանափակում է կամքի ազատ արտահայտման դրսևորումները և ոչ միայն ընդհանուր պետությունն է սպառնալիքի ներքո, այլ նաև հանրային իշխանության կրողները գտնվում են սպառնալիքների ներքո, սահմանափակված են։ Նույնիսկ եթե անձնական անվտանգային խնդիրներ չեն տեսնում, նրանք ունեն կաշկանդվածություն, որպեսի պայմաններում աշխատանքը չի կարող ազատ լինել և պահանջվող ողջ ծավալներով իրականանալ։ Միտման, թերևս ոչ բարեխղճության մասն ինձ մոտ բացահայտելի է, պետությունն ունի սուվերեն իրավունք և այն չի կատարում։ Օրինակ, չտեսակցելն ինձ համար որևէ ողջամիտ պատճառաբանություն չունի, ավելին հասարակության աչքերում այն բացասական հետևանքներ է առաջացնում»։

Սահակյանը խոսքն հիմնավորելով՝ հռետորական հարց հնչեցրեց, թե անձը կցանկանա՞ լինել ՀՀ քաղաքացի, եթե օտարերկրյա պետությունում իր հետ որևէ խախտում տեղի ունենալու պարագայում քաղաքացիության ուժով չի զգալու ՀՀ-ի ներկայությունը։

«Երբ մարդիկ սկսեն մտածել, թե որ երկրի քաղաքացիությունը ձեռք բերեն՝ ուժեղ անձնագրի հոգեբանությամբ են առաջնորդվելու։

Ես այստեղ տեսնում է միտումնավոր երևույթ և փորձում եմ հասկանալ, թե հանրային իշխանության տեսանկյունից ինչը կարող էր արդարացնել նման գործողությունը, եթե ոչ անբարեխիղճ մոտեցումը»,- աաց Սիրանուշ Սահակյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անձի փոփոխությամբ՝ որակական փոփոխություններ լինելու են բանակցություններում. Սիրանուշ Սահակյան