Վերականգնված միջոցների միասնական հաշվին 52.2 մլն դոլրա կա. Աննա Վարդապետյան
Իրավունք
12:57 02/10/2025
Հայաստան

Վերականգնված միջոցների միասնական հաշվին 52.2 մլն դոլրա կա. Աննա Վարդապետյան

«Պետական և համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերջին 9 ամիսներին մենք ՀՀ-ին ենք վերադարձրել շուրջ 10 մլն 276 հազար ամերիկյան դոլարին համարժեք 3 մլրդ 933 մլն դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 280 հազար 338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք, բացի դրանից՝ 2 մանկապարտեզ և 1 մարզադաշտ»,- կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով, բացի դրանից բռնագանձվել է 654 հազար ամերիկյան դոլարին համարժեք 249 մլն դրամ:

«Կանխելով հարցը վերականգնված միջոցների միասնական հաշվի մասով, որն անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ սկսեց գործել, այս պահի դրությամբ ունենք 52 մլն 254 հազար ամերիկյան դոլարին համարժեք շուրջ 20 մլրդ դրամ՝ մի փոքր ավելի 20 միլիարդից»,-հայտարարեց Վարդապետյանը։

Panorama.am-ի կողմից հիշեցնենք, որ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից իշխանությունները խոստանում էին վերադարձեն 4 մլրդ դոլար։

Մինչ գլխավոր դատախազի խոսքը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը որոշման նախագիծ զեկուցեց, որով առաջարկվում է Հայաստնի սեփականություն հանդիսացող Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան մասի հասցեում գտնվող 18 մլն 293 հազար 121 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 735 քառակուսի մետր հողամասն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույգի կառավարման կոմիտեին:

Փոխնախարարի խոսքով՝ այդ  անշարժ գույքը ՀՀ-ին է վերադարձվել ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի և Մարինե Վարդանյանի միջև 01.02.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Երևան, Աջափնյակ, Հովհաննես Շիրազ փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

«Վճռի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 5-ին նշված հասցեում գտնվող 735 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք»,- ասաց նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder