«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է
Օրվա մամուլ
08:41 03/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների կամ ՔՊ-ի անդամների աղմկահարույց միջադեպերի վարույթների վրա, որոնք հետագայում անդառնալի հետևանքներ են ունենում, ինչպես եղավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում։

Բանն այն է, որ եթե իրավապահները 7 ամիս առաջ Մերձավան վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանին ու նրա թիմին պատժեին, այսօր վենդետա չէր լինի։

Եվ ահա աչք փակելու հերթական թեման։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվեց։ ՀՀ քննչական կոմիտեն, պաշտոնապես անդրադառնալով ԱԺ պատգամավորի որդու՝ օգոստոսի 4-ի միջադեպի գործին, հայտնեց, որ քրեական վարույթը կարճվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին:

Դեռևս դեպքի օրը Կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։

Շուրջ 1 ամիս գործը Քննչական կոմիտեում էր։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը ևս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder