Բազմաթիվ հետքեր են թաքցվել, ոչնչացվել, որի հետևանքով էլ շատ հարցեր են առաջացել. Ազատի զինվորական կացարանի գործով տուժողների ներկայացուցիչ
Իրավունք
16:34 03/10/2025
Հայաստան

Բազմաթիվ հետքեր են թաքցվել, ոչնչացվել, որի հետևանքով էլ շատ հարցեր են առաջացել. Ազատի զինվորական կացարանի գործով տուժողների ներկայացուցիչ

«Քննության ընթացքում ամբողջովին չի հերքվել կամ անխոցելի կերպով չեն բերվել այնպիսի փաստարկներ, ապացույցներ, որ Գարուշը, ինչպես արձանագրվեց այս նիստի ընթացքում, դուրս չի եկել զինվորական կացարանի դռնից»,-Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Նա նշեց, որ եղել են մի քանի հոգի, ովքեր ընդգծել են Գարուշ Սարգսյանը  դուրս է եկել դռնից, ոչ թե ճաղավանդակներից։

«Այսպիսի հակասական տվյալների, ցուցմունքների համադրությունն է  բերում այն հանգամանքին, որ նշված անձանց ցուցմունքների նկատմամբ արժանահավատության ճգնաժամ է առաջանում»,- ասաց Ն. Նորիկյանը։

Նա նշեց, որ հրշեջ- փրկարարների վկայությունից պարզ է դառնում, որ զոհված զինծառայոների դիերը դուրս են բերվել առանց համապատասխան քննչական ու դատավարական գործողությունների. «Այդ պատճառով,  խորապես համոզված եմ, որ բազմաթիվ հետքեր են թաքցվել, ոչնչացվել, որի արդյունքում էլ շատ հարցեր են առաջացել»։ 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում  տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder