Կառուցապատողները պետք է հարգեն շրջակա միջավայրը, իսկ պետությունն ընդունի իրականանալի որոշումներ, որպեսզի նրանք չդառնան տուգանքի մատերիալ. Գրիգորյան
Տնտեսություն
17:47 06/10/2025
Հայաստան

Կառուցապատողները պետք է հարգեն շրջակա միջավայրը, իսկ պետությունն ընդունի իրականանալի որոշումներ, որպեսզի նրանք չդառնան տուգանքի մատերիալ. Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Հարգելի՛ կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրած փոշու կլանող ցանցերը, չտեղադրած օդի որակի չափիչ սարքերը, ձեր շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեր վրա։ Դեկտեմբեր ամսին մեր որոշումներն այնպես ենք կառուցելու, որ երբ ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորման, որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրենք իրապես խստորեն պատժվելու են՝ պատժվելու են ռեպրոսպեկտիվ, պատժվելու են էն պահին, երբ որ գան շինթույլտվության երկարաձգման, իսկ գրեթե բոլորն էդ փուլին գալիս և հասնում են։ Դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու։ Ով չպահպանեց Երևանի ավագանու ընդունած քաղաքականությունը շատ ու շատ փոշմանելու է»։

Վերոնշյալ հայտրարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Panorama.am-ը դիմեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանին։

Գ. Գրիգորյան-Շինհրապարակների պատշաճ կահավորումը, իսկապես, կարևոր հարցադրում և խնդիր է, որին պարտավոր են հետևել բոլոր կառուցապատողները։ Մենք էլ, որպես կառուցապատողներին միավորող ինստիտուցիոնալ կառույց, մշտապես կոչ ենք անում անդամ ընկերություններին՝ խստագույնս հարգեն համակեցության կանոնները, շինհրապարակների կահավորումը իրականացնեն օրենսդրության նորմերի և պահանջների հստակ պահպանմամբ։ Սակայն իրական կյանքում հանդիպում ենք այնպիսի իրավիճակների, որ իրավական ակտերով սահմանված կարգավորումները շատ հաճախ հնարավոր չի լինում իրականության մեջ ռեալիզացնել։ Մեր այս հարցադրումները մշտապես բարձրաձայնել ենք թե՛ Քաղաքաշինության կոմիտեի մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, թե՛ ՇՄՆ գործընկերների հետ հանդիպումների շրջանակում, թե՛ Երևան համայնքի գործընկերների հետ քննարկումների ընթացքում։

Մենք ևս ողջունում ենք, կողմ ենք և պատրաստակամ, որ այո´, շինհրապարակներում պետք է պատշաճ կահավորանք լինի, այդ թվում՝ փոշեկլանիչ ցանցերով՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանման՝ փոշու հնարավորինս քիչ արտանետումների համատեքստում։ Բայց այդ ամենը պետք է անել նպատակային՝ բովանդակային առումով, այլ ոչ թե այն, ինչը որ կատարվում է մեր օրերում։ Այսօր կառուցապատողները, ուղղակի տուգանքի առարկա չդառնալու մոտիվով տարված, չցանկանալով տուգանվել, փոշեկլանիչ ցանցեր են փակցնում, որոնք, ըստ էության, չեն ծառայում փոշու դեմ պայքարելու բուն նպատակին։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ցանցը, որն իր մեջ միլիմետրերի անցքեր է պարունակում, արդյունավետ միջոց չի կարող լինել փոշու դեմ պայքարելու համար, քանի որ փոշին ցանցի միջով կարող է հեշտորեն շարժվել շինհրապարակից դեպի օդի ընդհանուր հատված՝ մթնոլորտ։ Սա խնդիր է, որը մենք ևս բարձրաձայնում ենք՝ առաջարկելով համատեղ ջանքերով քննարկել և հասկանալ, թե որն է դրա արդյունավետ լուծումը՝ հաշվի առնելով ազգային ու միջազգային լավագույն փորձը։

Panorama.am-Այս առումով ի՞նչ խնդիրներ ունի կառուցապատողը։

Գ. Գրիգորյան- Քաղաքային իշխանությունների այս դիրքորոշումը, որ շինհրապարակներում պետք է պատշաճ կահավորում ապահովել, մենք ևս ողջունում ենք, բայց այստեղ կա գլոբալ մյուս խնդիրը․ այն, որ վարչարարություն իրականացնող հանրային, համայնքային ծառայողները, պետական ծառայողներն ցուցաբերում են տարբերակված մոտեցումներ։ Պայմանական օրինակ. մի տեսուչը մտնում է շինհրապարակ և որակում է, որ այսինչը պատշաճ կահավորված չէ, քանի որ այս-այս-այս պարամետրերը պահպանված չեն, կառուցապատողը շտկում է այդ խնդիրը, բայց հաջորդ անգամ մեկ այլ տեսուչն է մուտք գործում շինհրապարակ և հերթական իրարարամերժ տարբերակված այլ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում, ու կրկին տուգանում կառուցապատողին։ Այս պարագայում խնդիրը նրանում է, որ ոչ միատեսակ վարչարարություն է իրականացվում, և կառուցապատողներն արդարացիորեն հարցադրում են բարձրացնում առ այն, թե ի վերջո, օրինակ, որն է պատշաճ համարվող կահավորումը, ուստի առաջարկում են միասին հասկանալ, թե ինչ է իրենցից ակնկալվում, որպեսզի բոլորը շարժվեն միևնույն խաղի կանոնով, որպեսզի ունենանք ոչ թե ինչ-որ փաստաթուղթ, այլ իրականության մեջ այն ռեալիզացնելու հնարավորություն։

Բացի այդ՝ նոր, խիստ խաղի կանոնները, որ ներդրրվում են, պետք է սահմանվեն նոր քաղաքաշինական ծրագրերի համար, իսկ այն քաղաքաշինական ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են կամ ավարտի փուլում են գտնվում, դրանց համար չպետք է սահմանվեն այնպիսի պահանջներ, որոնք, օրինակ, բնորոշ են հողային աշխատանքներ կատարելու փուլին, կամ այնպիսի պահանջներ, որոնք բնորոշ են երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման փուլում փոշու պաշտպանության դեմ ուղղված միջոցառումներին, այլ սահմանել տվյալ փուլին ուղղված միջոցառումների պահանջ, որն էլ ի վերջո կապահովի դրանց արդյունավետությունը։

Պայմանական օրինակ՝ 16 հարկանի շենքի երկաթբետոնյա կոնստրուկցիայի կառուցումն ավարտվել է, այլևս փոշու արտանետման ռիսկ չկա, պատուհանները տեղադրված են, սակայն դեռևս ստացված չէ շենքի ավարտական ակտը։ Միևնույն է՝ այդ շենքը պետք է նորից փոշեկլանիչ ցանցերով պատվի։ Այստեղ կրկին անհետանում է փոշեկլանիչ ցանցերի կիրառման բուն նպատակը։ Ձևական պահանջը պահպանելու համար կառուցապատողները ստիպված կրկին փոշեկլանիչ ցանցերով թաղանթապատում են շենքը, կամ հարկադրված լինում վճարել տուգանքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված ձայնագրությամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder