Փարաքարում նոր համայնքապետ կընտրեն. «Իշխանություններից ամեն ինչ սպասելի է»
Քաղաքական
14:27 06/10/2025
Հայաստան

Փարաքարում նոր համայնքապետ կընտրեն. «Իշխանություններից ամեն ինչ սպասելի է»

Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 7-ին։ Համայնքում նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանից սպանությունից հետո։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից  Panorama.am-ը տեղեկացավ, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը Փարաքարի համայնքապետի պաշտոնում կառաջադրի խմբակցության անդամներից Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը։

«Մենք մեծամասնություն ենք կազմում ավագանիում։ Վաղվա ընտրություններում Օնիկ Հախվերդյանը կընտրվի, կշարունակենք իրականացել Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքները»,- ասաց նա։

Միաժամանակ Մ.Առաքելյանը նշեց, որ չի կարելի բացառել իշխանությունների կողմից որևէ սցենար. «Իրենցից ամեն ինչ սպասելի է։ Բայց այս պահին որևէ մտահոգություն չունենք, մեր թիմը գնալու է համայնքի ղեկավար ընտրելու ճանապարհով»։

Հարցին՝ համայնքի ղեկավարի այլ թեկնածուներ կա՞ն, նա ասաց. «Տեսականորեն, վաղը նիստից առաջ այլ խմբակցություններ կարող են առաջադրել թեկնածուներ»։

Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Նա գլխավորել էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որը կազմված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Դաշինքը ստացել էր 6 հազար 508 ձայն՝ ընտրողների 57%-ը։

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder