Աղբավայրում բաց կրակ չկա. ժամը 23։00-ի դրությամբ առկա տվյալներ
Հասարակություն
23:27 11/10/2025
Հայաստան

Աղբավայրում բաց կրակ չկա. ժամը 23։00-ի դրությամբ առկա տվյալներ

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է:

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․ ընդհանուր 77 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։

Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում:

Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder